ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր՝ օգոստոսի 9-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։

Նա նշեց, որ նոր անձանց դեմ մեղադրանք դեռեւս չի առաջադրվել, առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է, սակայն հայտնի չէ՝ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ։

Հավելենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։