Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 9-ին, մի քանի ընկերությունների արտոնություններ տվեց:

Նախագծերի զեկուցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ որոշումներով լրացուցիչ ներդրումներ և աշխատատեղեր կստեղծվեն։


Նշենք, որ արտոնություններ ստացան «Ռոք բերի», «Արման ընդ պարտնյոր», «Սահլեվս» ընկերությունները: Բացի դրանից, «Բոնվառոն» ընկերությունն էլ «Մեղրի» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն ստացավ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց, որ այնպես պետք է արվի, որ որեւէ ընկերությանն արտոնություն տալը հասարակության շրջանում կասկածի տեղիք չտա։

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս պրոցեսը լինի հրապարակային, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ չառաջանան ստվերային գործարքների մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենց առաջնային խնդիրն է բիզնեսին չխանգարելը, հետո նոր օգնելը կամ օգնելով չխանգարելը:

Վարչապետը հրապարակեց նաեւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն, միայն հունիսին գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական աճ:

«Առհասարակ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց մեր հեղափոխությունը շատ կարեւոր արդյունք գրանցեց: Հունիսին 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել, այսինքն հեղափոխությունը ոչ միայն անկման չի բերել, այլեւ որոշակի տնտեսական ակտիվություն է բերել: Անշարժ գույքի, շինարարության ոլորտում մենք ակտիվություն ենք նկատում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին նշեց, որ առաջիկայում կհրապարակվի ցանկ, թե ներդրումների ցանկություն հայտնողների ինչպիսի բանակ է ձևավորվել: