Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում խուզարկությունն ու ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումը, Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի ձերբակալությունը խորհրդանշական հանգամանք է ներկայիս քաղաքական իրողություններում:

Թող չհնչի տարօրինակ, բայց թերեւս ավելի խորհրդանշական, քան Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մեղադրանքն ու կալանավորումը, թեեւ թվում է, թե Քոչարյանը եղել է Հովիկ Աբրահամյանից ավելի բարձր պաշտոնյա, տասը տարի նախագահել է Հայաստանում:

Պարզապես Հովիկ Աբրահամյանը, չզբաղեցնելով բարձրագույն պաշտոնը, թեեւ երազելով ու համառորեն քայլելով այդ ուղղությամբ, եւ թերեւս բավական մոտ լինելով դրան, այդուհանդերձ շատ ավելի առանցքային ֆիգուր է իշխանության այն ամբողջական համակարգում, որ գործել է Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում:

Աբրահամյանն այդ համակարգի ծնունդն է ու այդ համակարգի «էվոլյուցիայի» խորհրդանիշը, գրեթե բացառիկ դեմք, որը գրեթե ոչնչից ինքն իրեն է կերտել քայլ առ քայլ, այդպիսով գործնականում ցույց տալով նաեւ, թե ինչ որակ է միանգամայն գիտակցված, պլանավորված եւ հետեւողական կերտվել Հայաստանում երկու եւ կես տասնամյակ իշխած համակարգում: Այլապես Հովիկ Աբրահամյանը չէր կարող այդ համակարգում բարձրանալ քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան, պահպանելով դինամիկան բոլոր երեք նախագահների պաշտոնավարման տարիներին:

Ընդ որում, խորհրդանշականությունն ավելի է ընդգծում այն, որ համակարգի մայրամուտը գործնականում բավական ընդգծված նկատելի դարձավ հենց Հովիկ Աբրահամյանի մայրամուտով:

Ահա այդ իմաստով Աբրահամյանի «գործը» առանձնահատուկ է, որովհետեւ այն կամա թե ակամա կապում, կապակցում է ամբողջը, թեկուզ Մարտի 1-ի գործի կոնկրետ շրջանակում: Նրա ձեռնարկությունում հատնաբերված զենքերը կասկածվում են Մարտի 1-ին օգտագործված լինելու առնչությամբ:

Մարտի 1-ը խիստ կոնկրետ մարդասպանություն է եւ հենց դրանով է առանձնանում Հայաստանում ընտրական այլ գործընթացներից ու նախադեպերից, որ եղել են սկսած 1995-96 թվականների ընտրական փուլից: Անկասկած է, որ մարդասպանները պետք է հայտնաբերվեն, պետք է պատասխան տան սպանությունները կատարած եւ ուղիղ առնչություն ունեցող բոլոր անձինք:

Բայց աներկբա է նաեւ, որ միայն սպանությունների պատճառով առանձնացումը ոչ միայն չի օգնի Հայաստանի խորքային խնդրի բուն բացահայտման գործին, այլ կնպաստի այդ խորքայինը պարտակելուն, նենգափոխելուն, ծածկելուն: Խորքայինը պարզապես «կպահածոյացվի», հայտնվելով ինչ որ մեկի նկուղում եւ լինելով որեւէ պահի «վերաբացման» ենթակա, դրանից բխող հետեւանքով:

Մինչդեռ նոր Հայաստանում խնդիրը հին Հայաստանի համակարգի ամբողջական «լյուստրացիան» է, ամբողջական շղթայական բացահայտումը եւ քաղաքական, արժեհամակարգային ու բարոյական գնահատականի ձեւակերպումն ու հանրային կարծիքի ձեւավորումը: Որովհետեւ լինի Քոչարյանի, թե որեւէ մեկի կամ մի խմբի վրա ամբողջ համակարգի պատասխանատվության դուրս գրումը կլուծի ոչ թե պատասխանատվության, այլ հակառակը՝ պատասխանատվությունից խուսափելու հարց:

Եթե խնդիրը չի լուծվում այդ խորքով, ապա նոր Հայաստանը կունենա «սեյսմակայունության» լուրջ խնդիր:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am