«Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը», Ֆեյսբուքի իր էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Ժողովուրդ թերթի տեղեկություններով, ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաեւ օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է:

Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀ-ում արեւմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սեւ ցուցակներում»: Ենթադրվում է, որ նրանց մուտքի վիզա չեն տրամադրի, եւ նրանք չեն կարող խուսափել հնարավոր իրավական գործընթացներից:

Կաջակցի՞ Համաշխարհային բանկը Հայաստանի առաջարկին: Նման նախադեպեր աշխարհում կարծես թե կան, միեւնույն ժամանակ, դա կարող է տեղի ունենալ քաղաքական որոշման արդյունքում: Իսկ դա էլ կախված է մի շարք գործոններից:

Պետք է նկատի ունենալ, որ հայկական կլեպտոկրատիայի իշխանությունը մի շարք ոլորտներում բավական ինտեգրվել էր համաշխարհային համակարգին եւ խաղում էր այդ կանոններով, որոշակի պարտավորություններ ստանձնելով ու դրա դիմաց «օրինականացնելով» իր կապիտալը Հայաստանի ահռելի պարտքերի հաշվին ու գնով: Զուր չէ, որ արեւմտյան գործընկերները Հայաստանի նոր կառավարությանը պարբերաբար հիշեցնում են դրանց մասին:

Միեւնույն ժամանակ, խոսքն այնպիսի մասշտաբների մասին է, որոնք համեմատելի չեն Սերժի Վաչոյի ու մյուս կոռուպցիոն բացահայտումների հետ: Նրանց թափ տալով, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, կարող են տասնյակ միլիարդավոր դրամներ «հանել», բայց այստեղ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է: Եվ Հայաստանը չի կարող միայն իր միջոցներով իդենտիֆիկացնել դրսում բավական հղկված սխեմաներով «օրինականացված» կապիտալը:

Հնարավո՞ր էր արդյոք գործել «հակառակ» կողմից՝ նախկին իշխող վարչակարգին առանց «թափ տալու» բերել խաղի նոր կանոնների դաշտ ու ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կամավոր վերադարձնեին գողոնը ու կապիտալը ներդնեին Հայաստանի տնտեսության մեջ: Այս կապակցությամբ տարբեր տեսակետներ կան, բայց փաստն այն է, որ արտաքին գործընկերների, բիզնես շրջանակների մոտ առաջացել է որոշակի սպասում ու մտահոգություն:

Իր հերթին, դա կարող է ազդել խոշոր ներդրումային ծրագրերի վրա, իսկ Հայաստանի ներքին ռեսուրսը բավական չէ կտրուկ զարգացում ապահովելու համար: Բացի այդ, կլեպտոկրատիայի միլիարդներն իսկական ական են նոր կառավարության տակ, տնտեսական ու քաղաքական առումներով:

Կկարողանա՞ կառավարությունը լուծել այս բարդ թնջուկը: Կկայացվի՞ քաղաքական որոշում Հայաստանի վերաբերյալ: