Այսօր Երեւան քաղաքում առկա աղբահանության խնդրի լուծումը թաքնված է եղել դեռեւս 4 տարի առաջ «Սանիթեք»-ի հետ կատարված գործարքում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ամփոփելով օգոստոսի 2-ին «Սանիթեք»-ին ներկայացրած դիմում-պահանջի արդյունքները։

«Խնդիրը հետեւյալն է եղել՝ այն ժամանակ, երբ պետք է փոփոխվեին քաղաքում աղբահանության եւ սանմաքրման մեքենաները, այսինքն, համայնքից հանձնվեր մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երեւանը բաժանել 2 մասի եւ այդ 2 մասի համար հայտարարել մրցույթներ՝ հանձնելով դրանք երկու տարբեր շահագործող օպերատորների, որոնցից մեկը եղել է «Սանիթեքը», մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Ուստի պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որ երկու օպերատորներ մրցակցեին, իսկ հետագայում կհասկանայինք, որ օպերատորն էր թերանում եւ անհրաժեշտություն չէր լինի խորանալ պայմանագրային դրույթների մեջ, ակնառու կլիներ, որ մի կազմակերպությունը եթե վատ է շահագործում, պետք է նրան համապատասխան տույժերի ու տուգանքի ենթարկենք կամ փոփոխենք, հիմա ստացվում է, որ մեկ միասնական օպերատորին պետք է ամբողջական փոխենք»,– նշեց նա։


Խաժակյանը համոզված է՝ աղբահանության ոլորտում պետք է մրցակցություն լինի. «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիթեք» կազմակերպության հետ, որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիթեք Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, եւ նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Մենք առաջարկում ենք խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներ: Դա հնարավորություն կապահովի «Սանիթեք»-ից վերցնել մենաշնորհը եւ ապահովել մրցակցային դաշտ: Այդ պարագայում հնարավորություն կլինի, որ «Սանիթեք»-ն իր ուժերը կենտրոնացնի քաղաքի մի կեսում, իսկ նոր օպերատորը կկատարի նոր ներդրումներ»։

«Ելք» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ իր այս առաջարկը ներառվելու է իրենց նախընտրական ծրագրում։

Ելք խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը խոսեց նաեւ աղբի տեսակավորման խնդրի մասին՝ նշելով, որ պետք է աղբահանությունն իրականացնող ընկերությունն ու աղբի տեսակավորմամբ զբաղվող գործարանը տնօրինող օպերատորը առանձին լինեն։ «Այն օպերատորը, որը Երեւանում իրականացնում է աղբահանություն, աղբի տեսակավորման պարտավորություն չունի։ Տեսակավորման համար պետք է կառուցել գործարան, գոնե աղբավայր, որ տեղում աղբը տեսակավորվի։ Դա ահռելի աշխատանք է, դրա համար առանձին կառույց պետք է հիմնել։ Աղբի վերամշակման եւ աղբի թաղման վայրերի կառուցումը նախընտրական ծրագրում կներառվի»։