Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի համայնքապետերին կառուցողական աշխատելու ու կոռուպցիայից հրաժարվելու կոչեր արեց:

Նրա խոսքով՝ հենց այսօր կառավարությունը պատրաստ է 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների տեսքով: Բայց պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարները ծախսել երկու պատճառով՝ նախ, չունեն համապատասխան գումարներ, որ ներդրումներ անեն, երկրորդ, շատ դեպքերում չունեն նաև համապատասխան ծրագրեր, պատկերացում, թե ինչպես պետք է համայնքը զարգացնեն: Ինչո՞ւ գումար չունեն, որովհետև, ըստ վարչապետի, համայնքների միջոցները քիչ են, բայց կա երկրորդ հարցը՝ արդյոք եղած գումարներն օգտագործվում են նպատակային:

«Այսօր պետական բյուջեն էլ ընդունված է ասել, որ քիչ է, բայց երբ հասկանում ես, թե ինչքան է մսխվել, հասկանում ես, որ շատ է: Եթե այդքան մսխվել է, ու տակը այսքան մնացել է, դա նշանակում է, որ մեծ է մեր բյուջեն»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ նախկին իրավիճակը չի հանդուրժվելու: «Ես չեմ ուզում, որ Հայաստանում մարդկանց ու պաշտոնյաների շրջանում լարվածություն առաջանա, տեռորի մթնոլորտ լինի, թե՝ վայ, մեզ կբռնեն: Բայց ուզում եմ ասել, որ նրանք, ովքեր հին տրամաբանութամբ կշարունակեն, կներեք, ստիպված ենք լինելու նրանց բռնել: Ես ուզում եմ բոլորիդ հրավիրել կառուցողական աշխատանքի: Ինչ ասում եմ, դրա առաջին հասցեատերը ինքս ինձ եմ համարում»,- ասաց նա: