Հայաստանի համար նշանակալի արտաքին քաղաքական միջավայրը տենդի մեջ է՝ Ռուսաստանում արժեզրկվում է ռուբլին, Իրանի ռիալը նույնպես: Դա ամերիկյան պատժամիջոցների հետեւանքն է, որն անկասկած իր ազդեցությունը կթողնի նաեւ Հայաստանի տնտեսության վրա, կամ առնվազն առաջացնում է ռիսկեր, որոնց չեզոքացման համար պահանջվելու են քայլեր: Տենդի մեջ է նաեւ թուրքական լիրան, որը եւս արժեզրկվում է, իր հերթին շղթայական ազդեցության ռիսկ առաջացնելով նաեւ Վրաստանի տնտեսության համար, քանի որ այդ երկրում բավական մեծ թիվ են կազմում թուրքական ներդրումները: Ադրբեջանի բանկերում սահմանափակել են դոլարի խոշոր ծավալների վաճառքը, թեեւ դա Բաքվի համար ռիսկերի կանխարգելման լիարժեք երաշխիք չէ, եթե թուրքական տնտեսության մեջ շարունակվի ցնցումը: Այն եւս պայմանավորված է ԱՄՆ վերաբերմունքով, որը Անկարայի հետ նոր խնդիրների փուլում է: Նախօրեին Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

Հայաստանը առայժմ «կայունության կղզյակ» է տարածաշրջանում, թեեւ Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը կարող է ունենալ հետեւանքներ:

Այդ ամենն էլ տեղի է ունենում Վերին Լարսում անցակետի հետ կապված հերթական խնդիրների եւ կուտակումների ֆոնին, ինչը Հայաստանի համար վաղուց արդեն «ինքնաբավ» խնդիր է, անկախ տնտեսական միջավայրի կայունությունից:

Ներկայում խոսվում է այն մասին, թե պետք է որոշակիորեն արժեզրկել դրամը, արտահանողներին օգնելու համար: Դա այսպես ասած աքսիոմատիկ ճշմարտություն է, ինչը սակայն պրակտիկ որոշման վերածելու համար անհրաժեշտ է իրավիճակի բավական խորքային եւ հանգամանալից գնահատում ու կանխատեսում՝ չուշանալու, միաժամանակ սակայն նաեւ ժամանակից առաջ չընկնելու համար, քանի որ այնպես չէ, որ դրամի արժեզրկումը չունի ռիսկեր: Խնդիրն իհարկե ծանրութեթեւ անելն ու հասկանալն է, թե որ ռիսկը արժե «զոհաբերել» մյուսից հակազդելու համար:

Ընդ որում, իրավիճակը Հայաստանի համար ամենեւին նոր չէ: Խոշոր հաշվով, 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր Հայաստանի համար արտաքին տնտեսական կոնյուկտուրան ընդհանուր առմամբ բացասական է, եղել են կայուն եւ նույնիսկ նպաստավոր տարիներ, սակայն ընդհանուր դինամիկան եւ տենդենցը բացասական են, պարբերական ցնցումներ, երբեմն նաեւ աշխարհաքաղաքական պատճառներով:

Ներկայում Հայաստանը հերթական փուլի առաջ է: Աներկբա է, որ խնդիրը պահանջում է մի կողմից արագ քայլեր, մարտավարական գործողություններ՝ ընթացիկ ռիսկերը չեզոքացնելու համար, մյուս կողմից պերմանենտ վայրիվերումներից հնարավորինս ապահովագրվելու համար պահանջվում են խորքային լուծումներ: Աներկբա է, որ պատերազմի խնդիր ունեցող հայկական պետականության համար զուտ ներքին ռեսուրսները բավարար չեն ռազմավարական երկարաժամկետ լուծումների համար:

Մյուս կողմից, նաեւ հստակ է, որ Հայաստանի համար լուծում դիտվել չի կարող աշխարհքաղաքական եւ աշխարհտնտեսական վեկտորների փոփոխությունը, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով:

Ըստ այդմ, ռազմավարական հեռանկարի առումով առավել իրատեսական տարբերակը մնում է համահայկական ներուժի ներգրավումը՝ հայաստանյան ռեսուրսների առավելագույն արդյունավետության եւ օպտիմալության ապահովումով զուգահեռ:

Հայաստանի տնտեսական խնդիրների ռազմավարական լուծումները թերեւս պետք է կառուցվեն համահայկական ներուժի վրա, չբացառելով իհարկե հարակից ռեսուրսները, սակայն հիմնասյունը, առանցքը պետք է լինի դա՝ համենայն դեպս տեսանելի ապագայում կայունության միտումներ չդրսեւորող համաշխարհային կյանքի պայմաններում:

Իհարկե, համահայկական ներուժը այդ աշխարհից դուրս չէ, հետեւաբար դրա ապակայունությունը ազդում է նաեւ արտերկիրի հայկական կապիտալի վրա, հայության վրա, ընդ որում ըստ ռեգիոնների ու պետությունների, որտեղ գտնվում է հայկական համայնքը:

Սակայն խնդիրն այն է, որ այդ ամենով հանդերձ, այդ կապիտալը ի դեմս հայկական պետականության կարող է թերեւս ունենալ ամենավստահելի սուբյեկտային աջակցությունը ներկայիս փոթորկվող աշխարհում, այդ թվում հաշվի առնելով նաեւ այն, որ այդ պետականության ղեկին է հանրային եւ նաեւ համազգային բացառիկ լեգիտիմությամբ իշխանություն կամ առաջնորդ:

Միեւնույն ժամանակ, սակայն, լեգիտիմությունն էլ պահանջում է համալրում գաղափարներով, նախաձեռնություններով, մտահղացումներով, որոնք կդրվեն որոշակի տնտեսա-քաղաքական մոդելային հեռանկարի հիմքում, որը մի կողմից ունենալով համաշխարհային՝ համահայկական ընդգրկում, մյուս կողմից միեւնույն ժամանակ կկրի որոշակի շրջանակային, ինքնաբավ ցիկլային բնույթ: Աներկբա է, որ առանց այդ գաղափարական, գաղափարախոսական հիմքի, զուտ առեւտրային կամ ներդրումային գրավչության դասական բաղադրիչներով չի ստացվի ոչինչ:

Նյութի աղբյուրը` Lragir.am