Սեպտեմբերին Երեւանում ավագանու ընտրություններ են կայանալու, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձը դառնալ: Դատելով հռետորաբանությունից, որը երբեմն անցնում է թույլատրելի սահմանները, Հայաստանի գալիք ընտրությունները կարող են աննախադեպ լինել դաժանության եւ կոմպրոմատի առումով:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխական ուժը երկու ակնհայտ խնդիր ունի՝ ապահովել թափանցիկ ու արդար ընտրություններ եւ կոշտ պայքար մղել հնարավոր մրցակիցների հետ: Փաշինյանի կուսակցության մրցակիցները շատ են, եւ արդար ընտրությունների դեպքում մեծ է հնարավորությունը, որ Փաշինյանը ստիպված է լինելու իշխանությունը կիսել նախկին մրցակիցների հետ:

Չնայած նախընտրական արշավը դեռ չի սկսվել, արդեն կարելի է նկատել հիմնական միտումները: Այսօր Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են: Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է: Բոլորդ բռնվելու եք և դատվելու եք»:

Ումի՞ց է սպասվում ձայների գնում գալիք ընտրություններում: Դատելով փորձագիտական գնահատականներից՝ հեղափոխական ուժերի հնարավոր մրցակիցները կուսակցություններն ու անձինքն են, որոնք պայմանական մոբիլիզացվում են Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը հին բուրգի գագաթը «վերադարձրել է» Քոչարյանին, եւ հենց նա է համակարգը տանելու ընտրությունների:

Այն, որ Քոչարյանի կողմնակիցներն սկսել են լրատվամիջոցներ, թրոլներ ու ֆեյսբուքյան ֆեյքեր գնել, արդեն բազմաթիվ վկայություններ կան: Անգամ գներ են նշվում, ինչպես ասում է Արման Մուսինյանը, Քոչարյանն այս անգամ մեծ փողեր է դնելու ընտրություններում:

Քոչարյանի շուրջ մոբիլիզացվում է հիմնականում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը, սակայն, չի միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությանը: Ավելին, ցուցադրաբար մանդատից զրկվել է Վարդան Բոստանջյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է Քոչարյանի ձերբակալությանը:

Գագիկ Ծառուկյանը փորձում է հեռավորություն պահել Քոչարյանից՝ չնայած բոլորին հայտնի է, որ նրա կուսակցությունը ստեղծվել է Քոչարյանի հովանու ներքո: Ծառուկյանը գործընկերային հարաբերություններ է պահպանում Նիկոլ Փաշինյանի հետ՝ փորձելով ցույց տալ, որ Փաշինյանի մրցակիցը, առավել եւս, հակառակորդը չէ: Այդուհանդերձ, Երեւանի քաղաքապետի ընտրություններին Ծառուկյանն առաջ է բերում «ծանր հրետանին»՝ Նաիրա Զոհրաբյանին, ով հայտարարում է ընտրություններում հաղթելու եւ առաջին կին քաղաքապետը դառնալու մտադրության մասին:

Դժվար է ասել, թե ինչ ելք կունենա Երեւանի քաղաքապետի ընտրությունը, բայց կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է գլխավոր մրցակիցը դառնալ խորհրդարանական ընտրություններում: Ամենայն հավանականությամբ, նրան է նաեւ ուղղված ընտրողներին չգնելու նախազգուշացումը, այլապես «կբռնենք ու կնստեցնենք»: Իզուր չէ, որ հենց Ծառուկյանի կուսակցությունն էր դիմադրում խորհրդարանում բարեգործության մասին օրենքի փոփոխությանը, որն արգելում է նախընտրական շրջանում բարեգործական ծրագրեր իրականացնել:

Ծառուկյանի կուսակցությունը կդառնա՞ գալիք ընտրությունների գլխավոր շահառուն: Դա չի բացառվում, եթե, իհարկե, մարտի 1-ի հետաքննության շղթան չբերի Ծառուկյանի մոտ: Երեկ մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի եղբորը, զենքի պահպանման համար, որը, հնարավոր է, օգտագործվել է մարտի 1-ին: Այս առթիվ խոսում են մարտի 1-ին օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի զինված խմբերի ներգրավման մասին: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանից կամուրջ կգցեն դեպի Գագիկ Ծառուկյան:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am