Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները մարտի 1-ի գործի աղմկոտ գործընթացները հաճախ կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Անկասկած, մարտի 1-ն անհրաժեշտ է բացահայտել եւ պարզել բոլոր մեղավորներին, սակայն այս, ինչպես նաեւ այլ իրավական գործընթացներ կարող են ակամա ազդեցության գործիք դառնալ քաղաքական ուժերի դասավորության, ինչպես նաեւ ապագա խորհրդարանի կազմի վրա:

Կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն ասում են, որ գլխավոր խնդիրն արդար ընտրություններն են առանց ձայներ գնելու ու կեղծիքի: Սակայն քաղաքական դերակատարներն ու նույն Նիկոլ Փաշինյանը հավանաբար ընտրությունների արդյունքերի ու ապագա խորհրդարանի կազմի տարբեր սցենարներ են մշակում:

Հիմա դժվար է ասել, թե ամենաարդար ընտրությունների արդյունքներով ով կարող է մտնել ապագա խորհրդարան, առավել եւս, որ նոր քաղաքական ուժեր են ստեղծվում: Գլխավորը, սակայն, այն է, որ ներկայիս կուսակցությունների ճակատագիրը մեծ հարցականի տակ է հայտնվել:

Օրինակ, եթե մարտի 1-ի գործն ավարտվի այնպիսի վճռով, որը կհաստատի, որ 2008 թվականի ընտրությունները կեղծված են եղել, պատասխանատվությունը կարող է դրվել նաեւ ՀՀԿ-ի վրա, եւ նրան կարող են զրկել ապագա խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից: Առճակատման նշաններն արդեն այսօր տեսանելի են. Արմեն Աշոտյանը նոր իշխանությանը «խունտա» է անվանել: Սա շատ լուրջ մեղադրանք է. հնարավոր է, Աշոտյանին ինչ-որ բան է հայտնի դարձել, որը ստիպել է այրել կամուրջները նոր կառավարության հետ:

Չնայած Ռոբերտ Քոչարյանից ու նախկին իշխանությունից հեռավորություն պահելու Գագիկ Ծառուկյանի ջանքերին, ԲՀԿ-ն նույնպես դժվար թե կարողանա խուսափել առճակատումից եւ կատակլիզմներից: Կա Հովիկ Աբրահամյանի եղբոր գործը, որի «պոչը» կարող է հասնել Գագիկ Ծառուկյանին: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կոշտ նախազգուշացրել է, որ ընտրակաշառք բաժանողներին բռնելու են ու դատեն: Իսկ ընտրություններին շատ չեն լինելու ուժերը, որոնք կարող են ընտրակաշառք բաժանել:

Եթե ենթադրենք, որ ապագա խորհրդարանում կարող են չլինել ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը, ապա ո՞վ կլինի: Իհարկե, կարելի է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը բավարար ռեսուրս ունի, որ ստանա ձայների մեծամասնությունը: Սակայն ամենեւին էլ այդպես չէ: Որքան էլ տարօրինակ է, նրա դեմ կարող է աշխատել օրինակ նրա գլխավոր հաղթաթուղթը՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Շատ քաղաքացիներ սովոր են ապրել հին կանոններով: Հիմա առանց կաշառքի ու կոռուպցիայի անգամ շատ ազնիվ մարդիկ ստիպված են միայն աշխատավարձով ապրել: Քանի որ աշխատավարձը շատ ցածր է եւ առայժմ բարձրանալու հնարավորություն չկա, քաղաքացիների ինչ-որ մաս կարող է քվեարկել խաղի հին, ավելի «հասկանալի» կանոնների օգտին: Ընդ որում, դա վերաբերում է համեմատաբար բարեկեցիկ խավերին, որոնք սովոր չեն միայն աշխատավարձով ապրել:

Սա միայն մի պատճառն է, թե ինչու Հայաստանի քաղաքացիներն օբյեկտիվորեն միայն Փաշինյանի կուսակցության օգտին չեն քվեարկի: Է՞լ ում օգտին: Դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների լոյալ վերաբերմունքից, ապագա խորհրդարանում կարող է հայտնվել Հայ ազգային կոնգրեսը: Եթե ՀՅԴ-ն վերադառնա իր արմատներին՝ հեղափոխական ազգայնականությանը, այս կուսակցությունն էլ խորհրդարանում հայտնվելու շանսեր կունենա:

Նոր ու փոքր կուսակցությունների մասին դեռ վաղ է եզրակացություններ անել, բայց ապագա խորհրդարանի հնարավոր կազմի մասին պետք է մտածել արդեն հիմա: Չի բացառվում, որ քաղաքական դաշտը հին կուսակցություններից «մաքրելուց» հետո այնպիսի «փունջ» առաջանա, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նրանց կողքին ծաղիկներ կթվան: Այդ փնջում կարող են պայմանավորվել իրար հետ եւ դուրս թողնել անփորձ հեղափոխական իշխանությանը:

Իհարկե, սա առիթ չէ իրավական գործընթացներից ու կոռուպցիոն բացահայտումներից խուսափելու համար, բայց քաղաքական դերակատարները պարտավոր են կանխատեսել հետեւանքները եւ իշխանության ապագա կառուցվածքը, որպեսզի թույլ չտան հակապետական, հակազգային ուժերի վերադարձը: Տարբերակը, որ իշխանության կգան լուսավորյալ, դեմոկրատական ուժերը, նույնպես կա, բայց այդ ուժերը որպես կանոն դժվար են դիմանում կոշտ մրցակցությանը, իսկ մրցակցությունը շատ դաժան է լինելու:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am