Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր, Ա. Ս.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ աշխատանքի չի հաճախել եւ այդ ընթացքում՝ մինչեւ 2018 թվականի օգոստոսի 1-ը, ստացել է ընդհանուր շուրջ 2 մլն 712 հազար ՀՀ դրամ աշխատավարձ՝ միաժամանակ յուրաքանչյուր ամիս Ա. Ս.-ի առաջարկով ստորագրելով աշխատանքի հաճախելիության մատյանում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով), եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: