Հրապարակը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում:

Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, եւ կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգե՞լ են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք:

Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն։ Ի դեպ, Խաչատուրովը եւս ՌԴ քաղաքացի է եւ, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուրովին ստորագրությամբ բաց են թողել՝ հաշվի առնելով Մոսկվայի արձագանքը»: