ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը թեեւ նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում կամք ցուցաբերում է, սակայն 100 օրը քիչ է համարում այդ աշխատանքը գնահատելու համար։ Ալիկ Սարգսյանն այս մասին ասել է NEWS.am-ի հետ զրույցում։

«100 օրը քիչ է, որ ես գնահատականներ տամ կառավարության արած աշխատանքին եւ ձեռքբերումներին: Որ աշխատում են ու փորձում են հաջողություններ արձանագրել, դա փաստ է, բայց որպեսզի ես հիմնավորումներով խոսեմ, ժամանակ է դեռ պետք»,- ասել է Ալիկ Սարգսյանը։


Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե ոստիկանության 100 օրվա ակնհայտ քայլը կոռուպցիայի դեմ պայքարն է, պատգամավորը նշել է. «Դա կառավարության որդեգրած ուղղություններից մեկն է, նորմալ է, նախկինում էլ են պայքարել կոռուպցիայի դեմ։ Թող պայքարեն եւ արդյունք տան։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը հանրագումարի բերելը ժամանակ է պահանջում։ Այս իշխանությունը, որ կամք ցուցաբերում է, դրա մասին խոսք չկա, կարեւոր է, որ կամքի դրսեւորումը բերի ռեալ արդյունքների, բայց դրա համար համբերենք մինչեւ աշուն»։