Հանրապետության հրապարակում հանրահավաքում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխությունները վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթե աքսիոմ է: «Մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետև այդպես էր ցույց տալիս հեղափոխությունների փուլ: Կանխատեսում էին, որ կլինի տնտեսական անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, նոր կլինի տնտեսական աճ: Մեր հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկումը: Ընդհակառակը, արձանագրվում է տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ:

Իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարևոր արդյունքը՝ Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ: Ուրեմն՝ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել 29986 մարդով ավելի շատ, քան մեկնել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածներից թիվը 6000-ով ավելի էր եկածներից:

Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի: Իհարկե ֆորմալ օտարերկրացիների մեջ շատ են հայերը: Անշարժ գույքի գները աճել են շուրջ 20%-ով, այսինքն՝ գալիս են որպես տուրիստ, վկայում է, որ բնակարաններ են գնում Երևանում ու ՀՀ այլ քաղաքներում:

Հեղափոխության օրերին հարյուր միլիոնավոր դոլարների արտահոսք կար, իրոք այդպիսի բան կար, բայց այսօր միանշանակ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտավորապես 116 միլիարդով ավելի շատ գումար: Սա ֆիզիկական ու իրավաբանական անձանց թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ ապագայի նկատմամբ բացառիկ վստահություն կա: Սա տնտեսական աճի գլխավոր երաշխիքն է:

Վերջին երեք ամսում վարկային պորտֆելն աճել է 99 միլիարդ դրամով: 2018 թվականին օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ ու բանջարեղեն, որքան անցած տարի ամբողջը միասին վերցրած:

Հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28.8 միլիարդ դրամով ավելի են հավաքել, այն դեպքում, երբ գերավճարների թիվը պակասեցվել է 26 միլիարդ դրամով:

Թևակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան: Տնտեսությունում լրջագույն հաղթանակներ ենք ունենալու:

Փոխելու ենք հին տնտեսական մոդելը, որը բացառող, դուրսմղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու նույն հնարավորություններն ու ազատությունները», ասել է նա:

Խոսելով մենաշնորհների մասին՝ Փաշինյանն ասել է. «Վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազնի մենաշնորհը: Այսօր Հայաստանում չկա ոչ մի բանի մենաշնորհ»: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=41990&l=am