«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկում է ընտրակաշառք տալու համար վարչական պատասխանատվության փոխարեն սահմանել նաեւ ազատազրկում: Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.10-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) համար:

Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ առաջարկվում է քրեականացնել նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Փաթեթով առաջարկվում է նաև ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել քրեական օրենսգրքի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն»: