Երեկ իր վարչապետության 100 օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու գործողության պլանը: Փաստացի, նա բացահայտել է, թե ինչու չի կարող հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ: Վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կարող է օգտվել իրավիճակից եւ իր մարդուն վարչապետ նշանակել, «չեմ ասի ում»: Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Սահմանադրությունում փոփոխություն մտցնել եւ ստիպել խորհրդարանին ինքնալուծարվել: Բայց դրա համար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է հանրության աջակցությունը:

Սա սահմանադրական ճգնաժամի եւ փաստացի երկիշխանության խոստովանություն է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խորհրդարանական մեծամասնությունն իր կողմից չէ, ինչպես եւ դատավորները, եւ գլխավորը՝ Սահմանադրական օրենքները: Իր, ավելի ճիշտ, ժողովրդի իշխանությունն ամրապնդելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է իր ճանապարհից հեռացնի խորհրդարանական մեծամասնությանը, դատարանները, եւ Սահմանադրությունը:

Ճգնաժամն ակնհայտ էր արդեն այն ժամանակ, երբ Փաշինյանը վարչապետ դարձավ՝ խորհրդարանական մեծամասնություն չունենալով: Այն ժամանակ դա տեղի ունեցավ ժողովրդի հզոր ճնշման տակ, բայց գլխավոր պատճառն այն է, որ իշխանությունն ապակազմակերպված էր: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, փաստացի, խորհրդարանական մեծամասնությունը զրկվել է երաշխավորից ու համակարգողից: Ոչ ոք իր վրա չվերցրեց «դիմադրության» կազմակերպումը եւ մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամություն չցուցաբերեց:

Այսպես կարող էր շարունակվել մինչեւ խորհրդարանական ընտրությունը, եւ ապակազմակերպված իշխանական ուժերը չէին դիմադրի: Սակայն ինչ-որ մեկին պետք էր «արթնացնել» Ռոբերտ Քոչարյանին, ձերբակալել ու ստիպել հայտարարել, որ հիմա պայքարելու է մինչեւ վերջ: Կասկած չկա, որ եթե Քոչարյանը դառնա դիմադրության երաշխավորը, նրա շուրջ կհավաքվի խորհրդարանական մեծամասնությունը, դատարանները եւ Սահմանադրությունը:

Եթե մինչեւ հիմա սահմանադրական ճգնաժամը միակողմանի էր, ապա հիմա որոշ ուժերի «ջանքերով», ովքեր շտապեցին Քոչարյանի ձերբակալության հարցում, ճգնաժամը երկկողմանի է դարձել: Հիմա Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի կամքի դեմ կարող է կազմակերպված ընդդիմություն հայտնվել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր է հաղթահարել ճգնաժամը՝ արտակարգ իշխանություն ստանձնելով: Օրինակ, նա առաջարկում է «անցումային արդարադատություն» ստեղծել, այսինքն՝ մարմիններ, որոնք «օրենքից վեր» են գործում: Նա նաեւ առաջարկում է ստիպել խորհրդարանական մեծամասնությանը փոփոխություններ անել Սահմանադրությունում:

Սա բնական եւ հավանաբար միակ հնարավոր քայլն է իշխանությունը պահելու համար: Սակայն եթե խորհրդարանական մեծամասնությունը հասցնի արագ ինքնակազմակերպվել, գիտակցի, որ սահմանադրական իշխանություն ունի, նույնպես կարող է «արտակարգ միջոցառումների» դիմել: Օրինակ, խորհրդարանական մեծամասնությունը կարող է ինքը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա խորհրդարանին հեռացնել վարչապետին: Հիմա ըստ Սահմանադրության խորհրդարանը վարչապետ նշանակելուց հետո մեկ տարի չի կարող անվստահություն հայտնել: Կամ խորհրդարանական մեծամասնությունն էլ կարող է «անցումային մարմիններ» ստեղծել:

Դա կարող է ոչ միայն սահմանադրական ճգնաժամի ու երկիշխանության հանգեցնել, այլ նաեւ ինչ-որ պահի՝ անիշխանության: Ի վերջո, եթե չհաջողվի ներկայիս խորհրդարանով անցկացնել սահմանադրական փոփոխությունները, ընտրությունները կարող են հետաձգվել առնվազն մինչեւ 2019 թվականի մայիս, երբ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն կստանա անվստահություն հայտնել վարչապետին: Իսկ եթե վարչապետ նշանակվի մեծամասնությունից, ապա մինչեւ 2022 թվականն ընտրություններ չեն լինի:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am