Օգոստոսի 17-ից հետո ՀՀԿ-ի «քաղաքական թեւը» անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին. Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանն ամեն մեկն այսպես ասած իր ոլորտում քննադատեց Նիկոլ Փաշինյանի ելույթը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գրառումը վերաբերվում էր արտաքին քաղաքականության եւ մասնավորապես Արցախի խնդրում նոր կառավարության քաղաքականությանը: Աշոտյանը այն համարում է խնդրահարույց, ամերիկյան, ռուսական եւ եվրոպական ուղղությամբ զարգացումները՝ ձախողված:

«Սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային», իր գրառումն այսպես է ավարտել Արմեն Աշոտյանը:

ԱԺ փոխնախագահ Շարմազանովի հայտարարությունը կապված էր ներքին քաղաքական իրողությունների հետ: Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում սպառնացել է բոլորին, նրա ելույթը համեմատել է յակոբինյանների, բոլշեւիկների, բռնապետների հետ:

«Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս, Դուք ոչ ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ`առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք», այսպես է ավարտել իր խոսքը Շարմազանովը:

ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է իրավական ոլորտին, մասնավորապես դատական համակարգին, ասելով, որ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: Նա ասել է, որ դա հարված է դատարանների անկախությանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին, դատավորներին կոչ էր արել խելքները գլուխները հավաքել եւ չկատարել նախկին համակարգի հրահանգները:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է խոսքի ազատության խնդիրներին, ասելով, որ Հայաստանում այլակարծությունը վերացվում է:

«Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին, եթե չփոխվեն մոտեցումները նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից», ամփոփել է նա:

Դե, իսկ այս հայտարարությունների շղթայի բարձրակետը ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրառումն էր, որում նա Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է, որ անցումային արդարադատության մարմինների ստեղծումը հաջորդ իշխանության կողմից կարող է գնահատվել որպես Սահմանադրական կարգի տապալում:

Սա նման է կազմակերպված արշավի՝ դերերի հստակ բաշխմամբ: Մեկ այլ դեպքում գուցե կարելի էր ասել, որ ՀՀԿ-ն «փշերի վրա է պահում» հեղափոխությունը, կատարում հեղափոխության պահապանի՝ գրեթե ի վերուստ տրված շանս-դերը: Բայց երեւում է՝ սա այդ դեպքը չէ:

Շատերը կարծիք էին հայտնում, որ օգոստոսի 17-ի հանրահավաքը ոչ այնքան հաշվետվություն պետք է լիներ, որքան ներքին ու արտաքին մարտահրավերներին արձագանքելու ժողովրդական հավաք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ելույթն ու ՀՀԿ-ի արձագանքը վկայում են, որ այդ պնդումները հեռու չեն իրականությունից:

Մի կողմից, այդ հանրահավաքը ցույց տվեց նախկին վարչակարգի լիակատար քաղաքական սնանկությունը, մյուս կողմից, սակայն, պարզ չդարձավ, թե այդ հանգամանքն ինչպես է ամրագրվելու օրինական մեթոդներով: Հենց այս անորոշությունն է, որ ակտիվացրել է նախկին համակարգին, եւ ավելին՝ այն կառչել է ներկայիս իր «սահմանադրական լեգիտիմությունից» ու լծակներից, նախեւառաջ՝ խորհրդարանի մեծամասնություն ու դատական համակարգ: Ըստ էության, այս երկու լծակները բավարար են «սահմանադրական հեղաշրջում» իրականացնելու համար:

Հանրահավաքին հանրային հզոր աջակցությունն իհարկե խոչընդոտ է նման մտադրության համար, քանի որ հին համակարգը չունի հանրային որեւէ աջակցություն: Ներկայում մի կողմից գործադիր իշխանությունն է հանրային բացառիկ լեգիտիմությամբ, մյուս կողմում հին համակարգը՝ «սահմանադրական լեգիտիմությամբ»: Նախկին համակարգը շանս չունի, բայց ինչպիսի՞ն է լինելու հանգուցալուծումը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am