Ռոբերտ Քոչարյանին առայժմ հաջողվում է նվազագույն ռեսուրսներով կամ ջանքերով քաղել «քաղաքականություն վերադարձի» առավելագույն էֆեկտ: Ստեղծվել է կարծես թե իրավիճակ, երբ նրա անունն իսկ բավարար է, որպեսզի քաղաքականությունը նրա շուրջ հյուսվի «ինքն իրեն»: Քոչարյանի բացառիկ երկրորդ հարցազրույցը բացառիկ ձախողումային էր, ավելին, քան նրա ասուլիսի ձախողումը: Ավելին, ակնառու դարձավ, որ Քոչարյանը խոսելու պարագայում ավելի է ձախողվելու, քան չխոսելու: Բայց դա չի խանգարում, որ չասելով ըստ էության ոչինչ, նա դառնա այնպիսի նյուզմեյքեր, ինչպիսին այս օրերին թերևս միայն Նիկոլ Փաշինյանն է: Այս իրողությունն ունի իհարկե ռիսկեր թե հանրության, թե Քոչարյանի համար:

Նախ Քոչարյանի համար ռիսկերի մասին, առավել ևս, որ նախորդ հրապարակումներում խոստացել էինք անդրադառնալ Քոչարյանի և իշխող նախորդ համակարգի սեգմենտների հարաբերությունների խնդրին, թեև դրան իհարկե անդրադարձել ենք նաև ավելի վաղ՝ դեռևս նրա առաջին հայտարարություններից, ու անշուշտ անդրադարձի առիթներ կլինեն նաև հետո: Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանի շուրջ «հյուսվող»՝ ինքստինքյան հյուսվող քաղաքականությունը կարող է նրան «արջի ծառայություն» մատուցել ինչպես 1998-ին ընտրակեղծարարներին էին գնահատում նրա թիմակիցները, և գցել վտանգավոր թյուրիմացության կամ այսպես ասած էյֆորիայի մեջ, հանելով ավելի ու ավելի վեր: Իսկ այստեղ ճակատագրական նշանակություն են ունենալու հենց համակարգային տարբեր սեգմենտների հետ հարաբերությունները, ընդ որում ոչ թե ներկայիս, այլ նախկինում՝ թե նախագահության, թե հետնախագահության տասնամյակներում ունեցած հարաբերությունները:

Խոշոր հաշվով, նախկին համակարգի մոբիլիզացիայի մասին գնահատականները կամ հարաբերական են, կամ չափազանցված, որովհետև այդ մոբիլիզացիան գործնականում մշտապես եղել է ոչ թե անձերի, այլ իշխանության շուրջ՝ այսինքն շատ ավելի կոնկրետ իրավիճակների: Մինչդեռ ներկայումս Ռոբերտ Քոչարյանն անձ է, ոչ թե իրավիճակ: Ինչպես արձանագրեցինք, Քոչարյանի շուրջ իրավիճակը զարգանում է «անկախ» նրանից և դա լավ տեսնում են նաև այն ուժերը, որոնք դիրքավորվում են նրան աջակցելու տրամաբանությամբ: Դրանով հանդերձ նրանք հասկանում են, որ աջակցությունը «պրոֆիլակտիկա» է, մինչդեռ պետք է պատրաստ լինել ավելի շատ Քոչարյանի շուրջը նրանից «անկախ» զարգացումներին համարժեք լինելուն, այսինքն Քոչարյանին անհրաժեշտ պահին զոհաբերելուն կամ առնվազն նրա տակից փախչելուն՝ որ նա բարձրից չընկնի հենց իրենց վրա: Իսկ նախկին համակարգային հարաբերությունները բավականին բարդ էիր, խրթին և դրանք չլուծվեցին թե Քոչարյանի նախագահության շրջանում, այլ հասունացան և կիսեցին համակարգը, առնվազն կիսեցին, ու թե խորացան Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, առնվազն քառատելով համակարգը՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարապետյաններ: Այդ բարդ հարաբերությունները բալանսավորվում էին իշխանությունը պահելու ընդհանուր մղումով, մինչդեռ իշխանությունն էլ չկա, հետևաբար չկա բալանսը:

Ինչ վերաբերում է հանրության համար վտանգին, ապա այստեղ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի «միայն անունը» դարձել է անհարկի խուճապի առարկա, որ տարածում են դրանով շահագրգռված ամենատարբեր շերտեր և ուժեր, ընդ որում թե այսպես ասած «հակահեղափոխական», թե մերձհեղափոխական շրջանակների, կամ համենայն դեպս այդպես ներկայացողների միջոցով: Իսկ խուճապը բերում է ինքնավստահության անկման, ինչը արդյունավետության անկման «գրավական» է՝ վտանգավոր «գրավական»: Դա ինքնաբերաբար չի նշանակելու Քոչարյանի արդյունավետության բարձրացում, քավ լիցի, դրա համար բազմաթիվ այլ գործոններ են պետք, որոնք չկան:

Խնդիրն այն է, որ ինքնավստահության, հետևաբար արդյունավետության անկումը հեղափոխությանը, հասարակությանն է զրկելու իրավիճակ ստեղծելու հնարավորությունից, իսկ սա առանցքային է կապիտալիզացիայի և զարգացման համար: Ու այդ պարագայում արդեն վտանգավոր կդառնա «երրորդ ուժը», այն, որը ներկայումս Ռոբերտ Քոչարյանից անկախ նրա շուրջ է ստեղծում «իրավիճակ», ապավինելով հեղափոխության անարդյունավետությանը: Բարեբախտաբար օգոստոսի 17-ի հանրահավաքը ցույց տվեց, որ թավշյա հեղափոխությունն ու հանրությունը դեռևս շատ հեռու են անարդյունավետության առարկայական վտանգից, սակայն պետք է նկատի ունենալ, որ այստեղ «երթևեկությունը» հանդիպակած է, այսինքն հեղափոխությունն ու անարդյունավետությունը՝ ընդ որում միշտ և բոլոր երկրներում ու իրավիճակներում, գնում են միմյանց ընդառաջ, ոչ թե մրցավազքի մեջ են, թե ով առաջինը կհասնի եզրագծին: Հետևաբար, պետք է խորհել, թե որքանով են իրար համարժեք մի կողմից Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի շուրջ միֆական աղմուկը, մյուս կողմից նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած էպիկական հանրահավաքը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am