ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մշակած շրջաբերականը և նշել, որ այն սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։


«Պաշտոնապես դիմելու եմ՝ հետևյալ հարցադրումներով.

1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։

2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։

3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։ Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»,-գրել է նա:

Աշոտյանի հրապարակած փաստաթղթում նշված է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն Կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին:

Փաստաթղթի մեջ նշված է, որ կարգը պետք է խստագույնս պահպանել: