Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու եւ մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի եւ Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից  հայտնում են, որ շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները եւ այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաեւ Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:


Իբրեւ Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ՝ Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց «Թավշյա հեղափոխության» հաջողության անհրաժեշտությունը եւ այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների եւ դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը եւ գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ:

Հ.Յ.Դ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաեւ փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման ջանքերին եւ միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսեւորվող որեւէ բացթողումի կամ տատանումի ժամանակ:

Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաեւ Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի եւ Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային եւ զբոսաշրջային կապերը:

Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ:

Փաշինյանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը եւ քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս հեղափոխության հաջողության: