Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, որոշում կայացրեց կառավարությունը:

Օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ:


Նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ 2016 թ. նորմալ ջրատվության տարվա համեմատ, ինչպես 2017 թ. (Սեւանա լճից բաց է թողնվել 266.757 մլն խմ ջուր), այնպես էլ 2018 թվականը դիտվել է սակավ ջրատվության տարիներ:

2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դիֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն խմ՝ Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանները լրացուցիչ ծանրաբերնվածությամբ շահագործելու պարագայում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գաղափար կար ավելի շուտ հրավիրել արտահերթ նստաշրջան, բայց Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցում եկել են համաձայնության, որ նիստը հրավիրվի օգոստոսի 28-ին, քանի որ հնարավոր է, որ ավելի վաղ ԱԺ պատգամավորները արձակուրդից վերադարձած չլինեն: