Երկրում վտանգավոր իրավիճակ չկա, սակայն խառնակչությունների վտանգ կա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Խառնակչությունների հնարավորություն կա, բայց սա թող չդիտվի նախկինների հաջողության հնարավորություն: Դա բացառվում է, այդ էջը փակված է, նախկինները նույնպես պետք է հասկանան, որ այդ էջն այլեւս վերջացած պատմություն է: Մենք բոլորս հասկանում ենք, որ նրանք այժմ ակտիվացել են ոչ իրենց ցանկությամբ, աշխարհաքաղաքական ուժեր են նրանց բզբզում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը: Այդ աշխարհաքաղաքական ուժը պիտի հասկանա, որ եկել են նոր ժամանակներ: Մենք հասկանում ենք, որ պետք է դիմակայենք այդ խառնակչություններին եւ ինչքան շուտ պարոն Փաշինյանը դիմի վիրաբուժական մոտեցումների, այնքան ավելի լավ»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:


Ժիրայր Սեֆիլյանը ընդգծեց, որ իենց նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը կանգնած է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողքին եւ բոլորը պետք է հասկանան, որ փաշինյանենց ձախողումը կլինի բոլորի ձախողումը:

Ժիրայր Սեֆիլյանը հույս հայտնեց, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում կձեւավորվի իրոք նվիրյալ մարդկանցից ձեւավորված Ազգային ժողով:

«Երկրի վիճակը այսօր շատ ծանր է, մենք ժառանգել ենք սնանկացած երկիրր եւ բոլորս էլ հասկանում ենք, որ պարոն Փաշինյանի բարձրացրած բեռը շատ ծանր եւ մենք պետք է աջակցենք նրան»,- հավելեց Սեֆիլյանը:

Նշենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: