Հայաստանի ոստիկանությունն այսօր ուշագրավ տեղեկատվություն է տարածել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում բացահայտված խոշոր չարաշահումների մասին, ըստ այդմ՝ ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, մի շարք ՍՊԸ-ների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,730,940,595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Սակայն, այս պատմության մեջ հասարակությանը վստահաբար ավելի շատ կհետաքրքրի ոստիկանության մեկ այլ բացահայտում, մանավանդ՝ այն լույս է սփռում անցած տարեվերջին ջրի սակագնի բարձրացման խորհրդավոր պատմության վրա։ «․․․Պարզվել է նաև, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 և 3,245,442 դրամ գումար»,- ասված է ոստիկանության՝ այսօր տարածած հաղորդագրության տեքստում։

Փաստորեն՝ Հայաստանի բնակչությունը կամ պետությունը թալանվում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ու Ռոբերտ Նազարյանի ղեկավարած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կոռուպցիոն գործարքի հետևանքով։ Ստացվում է՝ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը վճարել են Ռոբերտ Նազարյանի ու նրա թիմի փարիզյան վոյաժների, օլիգարխիկ հաճույքների համար։ Ի դեպ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ մեկնաբանելով ոստիկանության հայտարարությունը ՀԾԿՀ նախկին նախագահի և յոթ անդամների կողմից կաշառք ստանալու մասին, ասել է, որ եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ Առնվազն զավեշտ է․ ստացվում է՝ Փարիզում սովորեցնում են, թե ինչպես կարելի է թալանել սեփական ժողովրդին։

Խմելու ջրի սակագինը բարձրացվել է անցյալ տարվա նոյեմբերի 22-ին, երբ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը և հետաքրքիր կլինի պարզել, թե արդյո՞ք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «առատաձեռնությունից» օգտվել է նաև Կարեն Կարապետյանը, թե՞ Ռոբերտ Նազարյանն, այսպես ասած, «քցել» է կառավարությանը՝ փարիզյան հաճույքները վայելելով իր փոքր թիմով։ Սակայն դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ, որովհետև այդ փաստը չէր կարող վրիպել պատկան մարմինների ուշադրությունից։ Ըստ ամենայնի՝ գործ ունենք մեծածավալ կոռուպցիոն գործարքի հետ, որտեղ իրենց «փայն» են ունեցել նաև կառավարությունը, իսկ գուցե նաև՝ պետության ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ո՞վ է Ռոբերտ Նազարյանը։ Երրորդ հանրապետության ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը, որի սրընթաց առաջխաղացումը սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը 1997-ին Ռոբերտ Նազարյանին նշանակել է էներգետիկայի փոխնախարար։ Արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ռոբերտ Նազարյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Երևանի քաղաքապետի պաշտոնները։ Նազարյանի քաղաքապետության շրջանում՝ 2001-2003թթ-ին, իրենց տներից վտարվել են Երևանի Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ։ Անհամաչափ փոխհատուցման համար նրանցից շատերն առ այսօր պայքարում են իրենց իրավունքների համար, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչի պատճատով տուժում են մեր երկրի միջազգային հեղինակությունն ու նաև՝ բյուջեն, որը ստիված է փոխհատուցել Ստրասբուրգում կայացված վճիռներով սահմանված գումարները։

Ռոբերտ Նազարյանն՝ այսպիսով, եղել է Քոչարյանի կոռուպցիոն գործարքների ակտիվ մասնակիցն ու իրականացնողը։

Ուշագրավ է, որ այս տարվա հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ավարտվել է է Ռոբերտ Նազարյանի լիազորությունների ժամկետը ու մինչև կնշանակվի հանձնաժողովի նոր նախագահ՝ այդ մարմնում հաստատվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբոր՝ Միքայել Սողոմոնյանի «մենաշնորհը», ով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել 2017թ-ի մայիսից՝ Ռոբերտ Նազարյանի գործուն ջանքերով։ Միքայել Սողոմոնյանը, ըստ հավաստի լուրերի, անցած տարվա փարիզյան խրախճամքի մասնակիցներից մեկն է։

Ահա՝ այսպիսին է Ռոբերտ Քոչարյանի ու նրա կադրերի «արդարության» պատկերացումը։

Նյութի աղբյուրը՝ 1in.am