Այսօր՝ օգոստոսի 27-ի վաղ առավոտից Արմավիր-Երեւան երթուղու վարորդները գործադուլ են անում եւ քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երեւան: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը,  այդ մասին գրառում է արել իր Facebook-ի էջում:

Նա ասաց, որ այս պահին մեկնում է Արմավիր քաղաք՝ խնդիրը տեղում հասկանալու եւ լուծում տալու համար:


Արմեն Փամբուկչյանը նշեց, որ ըստ նախնական տվյալների՝ վարորդները բողոքում են գծատերերի՝ օրվա պլանի բարձրացումից։

Իր հերթին Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը ոչ թե Արմավիր քաղաքում, այլ Արմավիր-Երեւան երթուղու մասին է, հետեւաբար, քաղաքապետարանն այս հարցում անելիք չունի: «Վարորդները պնդում են, որ այս գործն այլեւս եկամտաբեր չէ, որովհետեւ իրեցից բացի ուղեւորափոխադրում են իրականացվում նաեւ այլ անձինք՝ մասնավոր տաքսիներ, այլ գյուղերից Արմավիրով անցնող երթուղայիններ եւ այլն: Վարորդները պլանի իջեցում են պահանջում, կամ էլ պահանջում են, որ ուղեւորափոխադրումը միայն իրենց կազմակերպության միջոցով կատարվի, այսինքն այն կազմակերպության, ով ունի դրա իրավունք»,-ասաց քաղաքապետի պաշտոնակատարը:

Նշենք, որ այս պահին փոխնախարար Արմեն Փամբուկչյանն արդեն Արմավիրում է եւ զրուցում է վարորդների հետ: