Եվրամիության ու ԵՏՄ միջեւ բանակցություն դժվար թե տեղի ունենա, բայց կարծում եմ Հայաստանը լավ օրինակ է, որ երբեւէ կարելի է նման բանի դիմել, ռեգիոնալ այցի շրջանակում օգոստոսի 24-25-ը Երեւան այցի ընթացքում հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` անդրադառնալով Եվրամիության ու ԵՏՄ հետ Հայաստանի հարաբերության վերաբերյալ հարցին:

Եվրամիության առաջատարի հայտարարությունը հատկանշական է ու կարեւոր, թեեւ այն հնչում է ամենեւին ոչ առաջին անգամ: Դեռեւս 2017 թվականի նոյեմբերի 26-ից առաջ, ու նաեւ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո հնչել է գնահատական, որ Հայաստանը երկու գործնականում իրարամերժ ուղղություններով գործակցության լավ օրինակ է, աննախադեպ օրինակ:

Բայց առանձնահատուկ կարեւոր է, երբ այդ մասին խոսում է Եվրամիության առաջատար պետության ղեկավարը, այն էլ Երեւանում: Մյուս կողմից Մերկելի հայտարարությունը հնարավոր է, իհարկե, դիտարկել տարբեր կերպ: Նա ասում է, որ հազիվ թե լինի բանակցություն ԵՄ ու ԵՏՄ միջեւ` տեսական հնարավորություն թողնելով հեռավոր ու անորոշ ապագայի համար: Դա կարող է նշանակել գործնականության բացառում եւ ընդամենը տեսական դիտարկումներ Հայաստանի օրինակելի լինելու վերաբերյալ:

Մյուս կողմից, իրավիճակը թերեւս բաժակը կիսով չափ լիքը կամ դատարկ լինելու տրամաբանության շրջանակում է: Գերմանիայի կանցլերը հայտարարում է, որ Հայաստանը լավ օրինակ է, թե երբեւէ հնարավոր է անդրադառնալ ԵՄ-ԵՏՄ բանակցության:

Սա Հայաստանի հնարավորությունն է, եւ Գերմանիայի կանցլերը Երեւանում փաստացի արձանագրում է Հայաստանի կարեւորագույն դերակատարում, որի իրականացման, գործնականացման հարցում շատ ավելի մեծածավալ քայլերի հնարավորություն կա այսպես ասած Նոր Հայաստանում, նոր իրավիճակում, հանրային մեծ վստահությամբ եւ ոգեւորությամբ օժտված իշխանության պարագայում:

Խոշոր հաշվով, Հայաստանն արդեն իսկ ԵՄ ու ԵՏՄ բանակցության յուրօրինակ ֆորմատ է, հանգամանքների եւ իրողությունների անխուսափելի բերումով: Այդ ֆորմատի արդյունավետությունը, սակայն, կախված է հենց Հայաստանից, ինչի հարցում առանցքային արգելակ էր նախորդ իշխող համակարգը, իր բնույթով, հարաբերությունների տրամաբանությամբ: Այդ համակարգն էլ ակնհայտորեն ձգտում էր կատարել այդ դերը՝ լավ պատկերացնելով մի կողմից դրա շահեկանությունը, մյուս կողմից անխուսափելիությունը եւ դերը չկատարելու պարագայում հնարավոր ռիսկերն ու վտանգները: Միեւնույն ժամանակ սակայն առանցքային կետում կար համակարգի եւ դերի հակասություն: Բանն այն է, որ ԵՏՄ-ԵՄ բանակցային յուրօրինակ, առանձնահատուկ հարթակի կամ միջոցի խորքային դերակատարության համար, որում է նաեւ Հայաստանի աշխարհքաղաքական սուբյեկտային ներուժը աշխարհակարգային վերափոխումների առնվազն միջանկյալ փուլում, Հայաստանին անհրաժեշտ է ներքին կառավարման արմատական ռեֆորմացիա:

Այդ կետում արդեն նախորդ համակարգի շահը վերածվում էր ռիսկի, մարտահրավերի՝ արգելակելով Հայաստանի դերի կերտման գործընթացը:

Թավշյա հեղափոխությունը տալիս է դրա հնարավորությունը: Միաժամանակ հատկանշական է, որ հեղափոխության առաջնորդը ձեւակերպում է այդ խնդիրը տարբեր առիթներով, մասնավորապես արձանագրելով, որ Հայաստանում ներքին վերափոխումների հարցում ՌԴ քաղաքական իշխանությունը կամ պարզապես այդ երկրի նախագահը խոչընդոտ չեն, դա նախորդ համակարգի այսպես ասած ստեղծած արգելակն է՝ խորքային եւ առարկայական ռեֆորմների բացակայության պատասխանատվությունը Մոսկվայի վրա տեղափոխելու համար:

Միեւնույն ժամանակ ակնառու է, որ այդ ռեֆորմների հարցում լուրջ խոչընդոտ է ոչ միայն Հայաստանի հեռացող համակարգը, կամ իշխանությունից զրկված համակարգը, այլ դրա տարաբնույթ գործընկերները կամ շահընկերները ռուսական համակարգում, որոնք՝ ի տարբերություն Հայաստանի համակարգի, Ռուսաստանում իշխանությունից զրկված չեն եւ կարող են ազդեցություն ունենալ որոշումների ու վերաբերմունքի ձեւավորման հարցում:

Այստեղ է նոր իրավիճակի բուն խնդիրը եւ այստեղ, իհարկե, պետք է արձանագրել, որ լուծման մեխանիզմների հարցում նոր իշխանությունն ունի օբյեկտիվ սղություն, անկախ սուբյեկտիվ գործոնների առկայությունից: Ըստ այդմ, առանցքային դառնում է Փաշինյան-Պուտին շփման մեխանիզմն իր արդյունավետությամբ, թեեւ նկատելի է նաեւ, որ արվում է այլ առաջնային մեխանիզմների ձեւավորման փորձ, ինչի վկայություն կարող է լինել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքը ռուսական ուղղությամբ:

Ամբողջ խնդիրն այստեղ թերեւս այն է, թե Հայաստանի դերը պատկերացնելով ու հրապարակավ բարձր մակարդակով արձանագրելով հանդերձ, արդյո՞ք Եվրամիությունն իր կողմից պատրաստ է գնալ դրան ընդառաջ եւ մեծացնել թե Հայաստանի նոր իշխանության ռեֆորմների ներուժը, թե միաժամանակ օգնել չեզոքացնել ռուսական ուղղությամբ հնարավոր մարտահրավերները, որ ստեղծվում են տարբեր տեղեկատվա-քաղաքական մանիպուլյացիաների միջոցով:

Այդուհանդերձ, բուն խնդիրն անշուշտ Հայաստանում թավշյա հեղափոխության եւ դրա արդյունքում ձեւավորված իշխանության ներքին կառավարման արդյունավետությունն է ու ռեֆորմների հաջողությունը, որի շնորհիվ Հայաստանը փաստացի կարող է դառնալ ընդհուպ աշխարհաքաղաքական նոր վեկտորի ճարտարապետ, ինչի մասին կամա, թե ակամա ազդարարում է Անգելա Մերկելը Երեւանում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am