ՀՀ Ազգային ժողովի դիմաց «S.O.S Սեւան» նախաձեռնությունն այսօր՝ օգոստոսի 28-ին, բողոքի ակցիա է կազմակերպել ի պաշտպանություն Սեւանա լճի:

Բացի այդ, «S.O.S Սեւան» նախաձեռնությունը նաեւ բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սեւանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագիծը:


Նախաձեռնությունն իր նամակում մասնավորապես, գրում է. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:

Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր եւ թվեր Սեւան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին տրամադրված ՋԹ-ներով ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների գերազանցումների մասին:

Ակնարկվեց ընդամենը ոռոգման համակարգի վերականգնման եւ բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները եւ ժամկետները»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սեւանա լճից լրացուցիչ ջրառը կազմել էր 100 մլն խմ, այս տարի կառավարությունն առաջարկում է 40 մլն խմ ջրառ կազմակերպել՝ ոռոգման նպատակներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հնարավոր լինի ոռոգման հարցը կազմակերպել առանց լրացուցիչ ջրառի, Սեւանին չեն դիպչի: