Արմավիր-Երեւան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ աշխատում է բնականոն հունով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երեւան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով: Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը՝ ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության եւ ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում:


Այժմ Արմավիր-Երեւան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով՝ ապահովելով հանրության բնականոն տեղաշարժը»,- գրել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիր-Երեւան երթուղու վարորդները գործադուլ էին արել, քաղաքացիները ստիպված տաքսիներով էին գալիս Երեւան: Արմավիր էր մեկնել փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: