«Մարդիկ ցանկություն են հայտնում վերադառնալու Հայրենիք, ոչ ոք այլևս չի ուզում պանդուխտի կյանքով ապրել»,-Yelaket.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայրենադարձությանն ու դրան խոչընդոտող խնդիրներին, նշում է ճարտարապետ, քաղաքաշինարար Վահագն Վերմիշյանը:

Նշենք, որ Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, միջազգային ամենատարբեր կառույցներ, ինչպես նաև Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ:

Ճարտարապետը երկար տարիներ ապրելով և աշխատելով դրսում՝ նշում է, որ այսօր կան այն բոլոր առիթները, պատճառներն ու իմաստը, որի համար պետք է գալ Հայաստան:

«Մենք ուզում ենք, որ ամեն բան լինի իդեալական, մեր երկիրը լինի թիվ մեկը բոլոր նկատառումներով»,- ասում է պրն. Վերմիշյանը և հաշվի առնելով միջազգաին փորձը՝ նկատում այն խնդիրները, որոնց լուծումները կնպաստեն վերը նշված նպատակին:
«Առաջինը՝ սահմանպահների հետ հանդիպումը, որը առաջին տպավորությունն է երկիր եկող մարդու համար, կարելի է ասել նրանք են երկրի դեմքը: Պետք է ուշադրություն դարձվի այդ ոլորտում աշխատող մարդկանց քննություն անցնելու հանգամանքին, որովհետև միշտ չէ, որ արհեստավարժ են կատարում իրենց աշխատանքը կամ պրեֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում:
Երկրորդը՝ տաքսու վարորդները, հատկապես օդանավակայանի տարածքում սպասարկող տաքսի սերվիսները պետք է լինեն լիցենզավորված, հակառակ դեպքում կունենանք այն, ինչ հիմա ունենք, երբ A կետից Բ կետ տեղափոխելու համար շրջում են ամբողջ քաղաքով մեկ՝ մի քանի դրամ ավել ստանալու համար: Լավ կլինի, եթե լինեն գրագետ վարորդներ, ովքեր կտիրապետեն 3 լեզվի՝ հաճախորդների հետ հաղորդակցվելու համար. ինչպես նաև թե՛ վարորդը, թե՛ մեքենան պետք է լինեն պատշաճ վիճակում»-, նշում է ճարտարապետը:
Անդրադառնալով ավելի գլոբալ խնդիրներին, զրուցակիցը խոսում է որևէ երկրից Հայաստան տեղափոխվելուն առընչվող հարցերի շուրջ:

«Մենք ունենք այնպիսի օրենք, որը Հայաստան տեղափոխվող մարդուն ազատում է հարկերից և տուրքերից՝ առաջին օգտագործման իրերը տեղափոխելիս: Բայց այս օրենքի մեջ կա մի կետ, ըստ որի, տվյալ երկրի քաղաքացի պետք է լինի տեղափոխվողը:

Սա ես ասում եմ՝ ելնելով իմ անձնական փորձից. իմ ընտանիքը 2008 թ-ից բնակվում է Եվրոպայում՝ Սլովենիայի Հանրապետությունում, երեխաներս այնտեղ են դպրոց գնացել, համալսարան ավարտել: Ապրիլ-մայիս ամիսներին տղաս, որ սովորում էր Եվրոպայում, զանգահարեց և ասաց, որ ուզում է տեղափոխվել Հայաստան: Ինձ համար հաճելի անկանկալ էր, որ տղաս ունենալով Եվրոպայի կացության փաթաթուղթ, ՌԴ քաղաքացիություն, կրթություն և մի քանի լեզվի իմացություն, պատրաստվում է գալ և ապրել Հայստանում, ի դեպ, ոչ թե Երևանում, այլ գյուղում: Նա վաճառեց մեր ամբողջ ունեցվածքը՝ թողնելով միայն առաջին անհրաժեշտության և մեզ համար թանկ իրերը՝ գրքեր, մի քանի հավաքածուներ, այդ թվում նաև կնոջս հավաքած սպասքեղենը և այլն: Հատուկ ծառայությունը այդ ամենը փաթեթավորեց, մինչև վերջին դանակը-պատառաքաղը հաշվի առնելով՝ փաստաթղթերը ձևակերպեց և տրասպորտային ընկերության միջոցով ուղարկվեց Հայաստան: Տրանսպորտային ընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում բեռը Եվրոպայից տեղափոխեց Հայաստան: Մենք հայտ ներկայացրեցինք այն ստանալու, և մեզ մերժեցին՝ ասելով, որ յուրաքանչյուր կգ-ի դիմաց x գումար պետք է վճարվի, որովհետև մենք Ռուսաստանի քաղաքացի ենք և ոչ Եվրոպայի։ Հաշվի չառան նույնիսկ, որ երկար տարիներ ապրել ենք Եվրոպայում, և ունենք կացության փաստաթուղթ:

Ի՞նչ է ստացվում. եթե ապրում կամ աշխատում ես արտերկրում, բայց չունես տվյալ երկրի քաղաքացիություն, հայրենադարձվելիս պետք է հարկեր վճարես՝ քեզ հետ անձնական իրեր բերելու դիմաց: Իմ կարծիքով սա աբսուրդ է, և շատ ընտանքիներ, այս փաստից ելնելով, ուղղակի կհրաժարվեն տեղափոխվել Հայաստան:

Մյուս ոլորտը, որն ունի վերանայման կարիք՝ հարկային դաշտն է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է դրսից նոր մտքեր, գաղափարներ ներկրելուն: Այս առումով մեզ պետք է օրինակ վերցնել արդեն իսկ հաջողություն գրանցած երկրներից: Օրինակ, Դուբայում կա կազմակերպություն, որտեղ նախագծային բյուրոները վճարում են ընդամենը 2.5% հարկ՝ իրենց շրջանառու գումարից: Այսինքն, եթե ունես 10 մլն դոլարի կոնտրակտ, պետք է վճարել 250.000 դոլար հարկ և հանգիստ ապրել:
Այս օրինակը Հայաստանում օգտագործելը և հարկային մինիմումը 2 %-ի հասցնելը, թույլ կտա միջազգային կազմակերպություներին Հայաստանում բացելու իրենց ձեռնարկությունները, որտեղ կգան աշխատելու իրենց՝ անգլիացի, ճապոնացի կամ այլազգի, մասնագետները: Այս ամենի արդյունքում կունենանք արհեստաական դրսից եկող տեխնոլոգիա, աշխատատեղեր, որովհետև շատերը կհամագործակցեն նաև տեղացի մասնագետների հետ, և ամենակարևորը՝ տեղի կունենա փորձի փոխանակում»,- շեշտում է պրն. Վերմիշյանն ու հավելում, որ այս և մյուս ոլորտներում շատ կարևոր է երիտասարդի խորհրդակցումը փորձով ավելի հարուստ մարդու հետ, որը միայն կնպաստի աշխատանքի լավագույն արդյունքին, և ինքն էլ, որպես ճարտարապետ, քաղաքաշինարար ևս պատրաստ է իր փորձով և խորհրդատվությամբ կիսվել մյուս մասնագետների հետ:

Խոսելով և անդրադառնալով այս կարևոր հարցերին՝ 27 տարի դրսում ապրած և այսօր հայրենադարձված ճարտարապետը, խոսքն ավարտում է իր համար կարևոր երևույթի մասին նշելով:

«Մարդ գնում է Հայրենիքից միայն իր ընտանքի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: Հարենադարձվող մարդու համար, կարևոր է զգալ, որ տուն է եկել, որ այստեղ ուրախ են իր գալու համար և ոչ լսել հարցադրումներ՝ ինչու՞ է եկել. նրան ընդամենը մի քիչ տաքություն է պետք ցուցաբերել, մի քիչ ջերմություն»: