«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին երեք զինված անձ հարձակվել էին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա:

Մեզ պատմեցին, որ Մկրտումյանը, որդին՝ Գոռը, եւ կինը հեռուստացույց դիտելիս են եղել, երբ որդին նկատել է, որ դիմակներով ինչ-որ անձինք փորձում են բացել դարպասի դուռը: Արման Մկրտումյանը դուրս է եկել, որ տեսնի, թե ովքեր են, որդին գնացել է գազային ատրճանակը բերելու: Երբ Մկրտումյանը բացել է դուռը, զինված անձանցից մեկն ավտոմատն ուղղել է նրա վրա:


Որդին կողքից մոտեցել է եւ կրակել զենքը պահած մարդու ուղիղ դեմքին: Հետեւում գտնվող երկու զինված անձինք սկսել են աջուձախ կրակել, ապա վախենալով՝ փախել են:

Մկրտումյանը ձեռքը գցել է եւ փորձել է խլել առաջին պլանում հայտնվածի ձեռքի ավտոմատը: Սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք: Ասում են՝ բոլորը մարմնական վնասվածքներ են ստացել:

Բայց հայր եւ որդի Մկրտումյաններին հաջողվել է հարձակվողներից առաջինին բռնել, վնասազերծել ու հանձնել ոստիկաններին:
Հետագայում պարզվել է, որ նա Գյումրիի բնակիչ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է:

Մեզ ասացին նաեւ, որ նա իր նախնական ցուցմունքում ասել է, որ կազմակերպիչներն իրեն փող էին խոստացել հարձակմանը մասնակցելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում