«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված «անհիմն եւ լուրջ մեղադրանքներին», որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է.


«Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները եւ վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով եւ գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին եւ կիրառելի ընթացակարգերին համաձայն:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների եւ մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տեւող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի եւ չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որեւէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների շարունակականության եւ որակի վրա:

Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում եւ ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները»:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոեւն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի եւ հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 եւ 3,245,442 դրամ գումար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։