Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է երգչի կնոջ օգնականը: Իոսիֆ Կոբզոնը հեռացել է կյանքից 81 տարեկանում: Երաժիշտի հետ հրաժեշտի վայրը եւ ժամը կհաղորդվի ավելի ուշ:

Կոբզոնի վիճակը կտրուկ վատթարացել է հուլիսի 20-ին: Երգիչը գաղտնի է հոսպիտալացվել. այդ մասին տեղեկությունները մամուլ են արտահոսել միայն մի քանի օր անց:


Երգչին ծանր վիճակում տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Կոբզոնը հուսահատորեն կառչած էր կյանքից, սակայն օրգանիզմում խափանում էր եղել. օրգանները սկսել էին չգործել:

Հոսպիտալացումից հետո մեկ շաբաթ անց տեղեկություններ էին հայտնվել, որ արտիստը չի կարողանում ինքնուրույն շնչել: Նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին: Մի քանի օր անց նա մահացել է:

Հիվանդությունները Կոբզոնին վաղուց էին հետապնդում: Նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել դեռեւս 13 տարի առաջ: «Երբ հրեային ասում են, որ նրան ապրելու 3 ամիս է մնացել, գնում է այլ բժշկի մոտ: Ահա այդպես էլ ինձ մոտ ստացվեց: Ինձ ասացին, որ մնացել է ոչ թե 3 ամսվա, այլ մեկուկես շաբաթվա կյանք»,- պատմում էր նա:

Չնայած Կոբզոնը արտասահմանում բուժվելու հակառակորդներից էր, ստիպված էր Ռուսաստանից հեռանալ: Արտիստը 2005-ին վիրահատվել է Գերմանիայում եւ այդ ժամանակից ի վեր գտնվում էր բժիշկների ակնդետ հսկողության ներքո:

Կոբզոնը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքում, սկսել է երգել վաղ մանկության տարիներից: Դեռեւս 9 տարեկանում նա ելույթ է ունեցել Կրեմլում ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի առաջ՝ կատարելով «Թռչում են չվող թռչունները» երգը:

Կոբզոնը Գնեսինների անվան երաժշտա-մանկավարժական ինստիտուտի (ներկայումս՝ Գնեսինների անվան Երաժշտության ռուսական ակադեմիա) վոկալի ֆակուլտետ է ընդունվել բանակից հետո, որտեղ ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի երգի եւ պարի համույթում:

Գնեսինների ուսանողը հռչակվել է մեկ տարի հետո, երբ Համամիութենական ռադիոյով սկսել է զուգերգով ելույթ ունենալ համակուրսեցի Վիկտոր Կոխնոյի հետ: 1964 թվականին Էստրադայի արտիստների համառուսական մրցույթում եւ լեհական Սոպոտի փառատոնում հաղթանակը էստրադայում նրա դիրքերն ամրապնդել է:

Խորհրդային Միությունում չկար գեթ մեկ մարդ, որը ծանոթ չլիներ նրա լիրիկական բարիտոնին: Իսկ եթե անգամ կար, ապա «Գարնան 17 ակնթարթները» կուլտային ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, հաստատապես այդպիսի մեկը չմնաց:

Երգչի հյուրախաղային գործունեությունը շարունակվել է ավելի քան կես դար: 2012 թվականին արտիստը հայտարարել է, որ իր համերգային գործունեությունը կավարտի 75-ամյակի օրը՝ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, Կրեմլի պետական պալատում մենահամերգով, սակայն դրանից հետո էլ էր շարունակում բեմ բարձրանալ, հյուրախաղերով ճանապարհորդել ամբողջ երկրով եւ ամենաակտիվ մասնակցություն ունենալ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին: