ՌԴ նախագահ Պուտինը ծննդյան օրվա առիթով «ջերմորեն շնորհավորել է» Ռոբերտ Քոչարյանին. այդ մասին տեղեկությունը տեղադրվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Տեղի ունեցածը անշուշտ սովորական բան չէ, հաշվի առնելով այն, որ խոսքը նախկին նախագահի մասին է, որը ներկայումս հայտարարել է ակտիվ քաղաքականություն մտնելու, խորհրդարանի ընտրությանը մասնակցելու, ընդդիմադիր բեւեռ լինելու մտադրության մասին:

Դա առավել առանձնահատուկ ֆոն է հաղորդում Պուտինի շնորհավորական զանգին, տալով բազմաթիվ եւ բազմաբնույթ մեկնաբանությունների ու դատողությունների առիթ: Ի՞նչ են խոսել Քոչարյանն ու Պուտինը շնորհավորանքներից բացի, պարզ չէ: Այլ որեւէ բան հաղորդագրության մեջ չկա: Խոսե՞լ են նրանք Քոչարյանի պլանների կամ նրա դեմ քրգործի մասին, արդյոք Պուտինը որեւէ կերպ աջակցություն հայտնել է այդ պլաններին: Թեեւ շատ շրջանակներ ինքնին հեռախոսազրույցի, շնորհավորանքի եւ հաղորդագրության հանգամանքը արդեն իսկ կդիտարկեն Պուտինի աջակցություն Քոչարյանին, միաժամանակ նաեւ Պուտինի դժգոհություն Փաշինյանից:

Ամեն ինչ այդքան պա՞րզ է, թե իրականում այդ շնորհավորանքի ներքո բազմաշերտ իրողություններ են, կապված Հայաստանում նոր իրավիճակի հետ, որը առնչվելու է նաեւ հայ-ռուսական հարաբերության վերափոխմանը, դրա անխուսափելիությանը եւ միաժամանակ նաեւ երկուստեք դրա անհրաժեշտությանը:

Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է օգտվել անցումային կամ ադապտացիոն այդ իրավիճակից եւ գուցե Պուտինի շնորհավորանք կորզելը նրա օգուտն էր, բայց ամենեւին ոչ աջակցությունը քաղաքական պլաններին: Օգուտն այն իմաստով, որ երկրորդ նախագահը Հայաստանում գուցե մեկ-երկու շրջանակի վրա կարող է թողնել Պուտինի հավանությունն ունեցողի տպավորություն:

Իսկ այդպիսի շրջանակներ դեռ կան, որոնց համար հայաստանյան քաղաքականությունն ու ներքին կյանքը սկսում եւ ավարտվում է Մոսկվայում, անգամ թավշյա հեղափոխությունից հետո: Իսկ Քոչարյանի հավակնությունն ու խնդիրը շատ մեծ չէ՝ ընդամենը փորձել ստանձնել որոշակի ներքին դերակատարություն, անցումային ներկայիս փուլում սեփական շահերն ու ունեցվածքը պաշտպանելու համար:

Սրան զուգահեռ, Քոչարյանին շնորհավորանքի միջոցով էլ Պուտինը փորձում է պաշտպանել իր շահերը հայ-ռուսական հարաբերության վերափոխման ներկայիս փուլում, նոր իրավիճակում: Հատկանշական է, որ նրա շնորհավորանքում բացակայում է որեւէ այլ բովանդակություն, որեւէ այլ հարցի քննարկման մասին հաղորդագրություն: Այլ կերպ ասած, Պուտինը շարունակում է «չմիջամտել Հայաստանի ներքին գործերին», ինչպես ապրիլյան օրերին, թերեւս շատ լավ պատկերացնելով միջամտության հանրային հետեւանքը:

Մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության նախագահը խոշոր հաշվով իր նպաստն է բերում այդ հեղափոխության նոր փուլին, նոր ալիքին, օգնելով Ռոբերտ Քոչարյանի միֆի գեներացմանը: Սրան զուգահեռ, Պուտինն անշուշտ մտածում է այդ հեղափոխության հետ իր հարաբերության հնարավորինս լայն երաշխիքների դաշտի մասին, այդտեղ դիտարկելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնը:

Արդյոք Պուտինի շնորհավորանքը «կազմակերպել» էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իհարկե ակամա, Հայաստան իր այցով ու Երեւանի Հյուսիսային պողոտայում զբոսանքով:

Ներկայում հետաքրքիր է, թե կլինի՞ առաջիկայում Փաշինյան-Պուտին շփում եւ ինչ հարթակում կլինի այդ շփումը: Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ Էխո Մոսկվիի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինի հետ ավելի հեշտ էր, քան պատկերացնում էր մինչ այդ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, նա բաց եւ անկեղծ զրուցակից է: Փոխարենը ներկայում շատ դժվար է Պուտինի համար: Նա ունի թե ներքին, թե արտաքին ահռելի խնդիրներ: Այս իրավիճակում իհարկե ծիծաղելի է մտածել, թե Պուտինին կարող են հուզել Ռոբերտ Քոչարյանի ներքին խնդիրները:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն փորձում է նրան համոզել, որ Նիկոլ Փաշինյանը ավելացնելու է Պուտինի արտաքին խնդիրները: Համոզե՞լ է Քոչարյանը եւ Պուտինը դրա՞ համար է շնորհավորել ու հրապարակել, թե՞ շնորհավորել ու հրապարակել է, որ Քոչարյանը հանգիստ թողնի իրեն:

Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խորքային առումով նվազեցրել է Ռուսաստանի նախագահի համար բարդ խնդիրները, կամ ավելի շուտ ստեղծել նախադրյալ, որտեղ հայ-ռուսական հարաբերության վերափոխման միջոցով կարող են ձեւավորվել խնդիրների լուծման նոր հնարավորություններ: Այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահին կարող է օգտակար լինել որպես այսպես ասած «օրապահ», բայց ոչ որպես գործընկեր:

Որովհետեւ Հայաստանում Ռուսաստանը արժեքավոր եւ հեռանկարային գործընկեր ձեռք բերելու հնարավորություն ստացել է հենց թավշյա հեղափոխության պարագայում:

 Նյութի աղբյուրը՝Lragir.am