Լեզվի կոմիտեի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը կներկայացնի հայոց լեզվի թեստի նոր տարբերակ, որի մասին կհայտարարվի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, նոր թեստերը ավելի շատ կստուգեն աշակերտի վերլուծելու, քննելու ունակությունները. «Բացի այդ, մենք գիտենք, որ մեր երեխաները անգիրի վրա վարժվում են, ամբողջ շտեմարաններն անգիր են անում: Մենք, մասնավորապես, անգլերենի քննության առումով, ասելու ենք, որ առաջադրանքները նույնն են, ինչ շտեմարանում, բայց բովանդակությունը տարբեր է լինելու: Այսինքն, ենթադրենք, հանձնարարվում է տվյալ բառերը տեղադրել նախադասության մեջ ըստ իմաստի, բայց շատ հնարավոր է, որ նախադասություններն այլ լինեն, քան շտեմարանում են: Իրենց դասագրքերի վրա հիմնված հարցեր են լինելու: Սա անում ենք, որ անգիրի վրա հիմնված գիտելիքը չազդի ընդհանուր արդյունքների վրա, այլ մենք հստակ ստուգենք իրենց գիտելիքը, երբ աշակերտը տվյալ նախադասությանը ծանոթ չէ, բայց ծանոթ է քերականությանը»,-ասաց ԿԳ նախարարը:


Նա ցավով արձանագրեց, որ երբեմն պատմության առարկայի քննությանը աշակերտը կարդում է հարցի առաջին 3 բառը եւ արդեն գիտի, թե տարբերակներից որն է ճիշտը: «Սա գիտելիք չի ստուգում, այդ գիտելիքը մնայուն չի լինելու: Մի քանի ամիս հետո այդ երեխան այդ գիտելիքը չի ունենալու: 21-րդ դարում դասավանդման տարբեր մեթոդներ կան, որոնցով պետք է ստուգենք երեխայի գիտելիքը: Մենք առավելագույնս կանենք, որ լրացուցիչ բարդություններ չունենան երեխաները»: