«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահ կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ռուսաստանը մեր հարեւանն է, մեր պատմական գործընկերը եւ ընկերը: Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի ջանքերը շարունակական կլինեն», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ հակամարտության արագ կարգավորումը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին «վերադառնալ պատմական հողեր, տարածաշրջանին խաղաղություն, համագործակցություն եւ կայունություն կբերի»:

Մոսկվան որպես Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ասել է Պուտինը:

Մինչեւ Սոչիի հանդիպումը Բաքուն շրջանառության մեջ էր դրել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության գաղափարը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով: Ինչպես նշել են բազմաթիվ փորձագետներ, Ադրբեջանը դրանով փորձում է մի շարք հարցեր լուծել: Նախեւառաջ, կապված ռուսական ռազմական տեխնիկայի գնումների հետ:

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի ռազմատեխնիկական արտադրանք է գնել, ինչն աճելու միտում ունի:

Նա ասել է, որԱդրբեջանը շարունակում է իր զինված ուժերի արդիականացումը,եւ Ռուսաստանը սպառազինության կարեւորագույն արտադրող ու մատակարար է:

ՀԱՊԿ-ում կարգավիճակ ունենալով՝ Ադրբեջանը հնարավորություն կստանա «ներքին գներով» սպառազինություն գնել Ռուսաստանից: Ըստ ամենայնի, հենց դրանով է պայմանավորված Բաքվի առաջարկը:

Ռուսաստանն ու Ադրբեջանն այդպիսով կարող են լուծել իրենց խնդիրները, բայց դա հերթական հարվածը կլինի Հայաստանի շահերին: Նախ, Երեւանը ստիպված կլինի համաձայնվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը, իսկ դա կարող է ղարաբաղյան հակամարտությունը ՀԱՊԿ ներքին գործը դարձնել, եւ համակերպվել, որ Ռուսաստանը սպառազինություն է վաճառելու Ադրբեջանին ավելի շահավետ պայմաններով:

Օրերս Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանն օգտագործելու է իր վետոն, եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտ ներկայացնի: Ադրբեջանի ԱԳՆ-ն ճի հերքել հայտի հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամը չէ:

Բացի այդ, ավարտվել է ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր դառնալու կարգի փոփոխության մասին փաստաթղթերի մշակումը: Եթե նոր փաստաթուղթը կոնսենսուս չի նախատեսում, Հայաստանը հազիվ թե կարողանա խոչընդոտել Ադրբեջանի անդամակցությանը:

Երեկ հայկական լրատվամիջոցները գրել են սեպտեմբերի սկզբին Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին: Ընդ որում, քննարկվելիք հարցերի շարքում են ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը, այնպես էլ կազմակերպությանն Ադրբեջանի միանալու մտադրությունը:

Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո այս թեմայով հայտարարություն չի հնչել:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am