Սեպտեմբերի 2-ին «Իմ քայլը» դաշինքը դրամահավաք երեկո էր կազմակերպել, որի ժամանակ ելույթ էր ունեցել դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը: Նա մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որոնք գուցե կարելի է վերագրել նրա «դերասանական պաթոսին», բայց քաղաքական տեսանկյունից գուցե արտահայտում է որոշակի տրամադրություններ:

Մարությանը մասնավորապես նշել է, որ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։

Նա ասել է նաեւ, որ իրենց թիմը ուժեղ է, «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»։

Ծանոթ խոսքեր են, մեր ոչ վաղ անցյալից: Սեւ-սպիտակի տրամաբանությունը, որ ներդնում էին Հայաստանի այսպես կոչված քաղաքական ուժերը՝ իշխանական թե ընդդիմադիր, ամենապարզ ձեւն էր հանրային գիտակցության մանիպուլյացիայի ու սեփական բնույթը եւ մոտիվացիան քողարկելու համար:

Հիմա դա կրկնում է հեղափոխությամբ իշխանության եկած թիմի անդամը, որը պատրաստվում է դառնալ Երեւանի քաղաքապետ: Եվ ընտրությունները փաստացի հերթական անգամ հայտարարվում են սեւ-սպիտակի տրամաբանությամբ միջոցառում:

Նոր իշխանությանը շատերն են մեղադրում այն բանում, որ այն չի տարբերվում նախորդ վարչակարգից, որ մոտեցումները նույնն են: Դրանում իհարկե կա ռացիոնալ բան՝ այս երեք ամիսների ընթացքում նոր իշխանությունը չի ներկայացրել բարեփոխումների, համակարգային փոփոխությունների որեւէ ռազմավարություն, իսկ նրա քայլերը գնալով ավելի շատ են տեղավորվում նախընտրական տրամաբանության մեջ:

Կան իհարկե օբյեկտիվ խնդիրներ, սակայն դրանց աղբյուրը կրկին կառավարությունն է, որը չի «կողմնորոշվել»՝ սա հեղափոխությո՞ւն է, թե իշխանափոխություն: Իսկ սրանք տարբեր բաներ են, նախեւառաջ՝ պատճառահետեւանքային կապի տեսակետից:

Երբ նախկին վարչակարգի ներկայացուցիչներն ասում են, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, այլ ընդամենը՝ իշխանափոխություն, դրանում կա ճշմարտություն: Ընդհանրապես, նախկին վարչակարգի ներկայիս ակտիվությունն ու Սահմանադրական լծակների գրագետ կիրառումն արդեն իսկ այդ թեզի ապացույցն են, որովհետեւ հեղափոխական հետեւողական գործողությունների արդյունքում այդ վարչակարգն այսօր նույնիսկ ծպտուն ի վիճակի չէր լինի հանել:

Նոր թիմի դեմ խաղ կա, եւ այդ խաղն արդեն սկսված է: Ընդհանրապես բոլորի դեմ էլ խաղ կա, եւ եթե նախորդ վարչակարգն իր հակապետական ու ցինիկ բնույթով կարող էր գալ այդ համոզման ու այն ներշնչել հանրությանը, նոր իշխանության դեպքում, որը կոտրեց այդ համոզումը, թվում է թե այդպիսի խնդիր չպետք է լիներ: Բայց այս թեզը կրկնում է հենց նոր իշխանության ներկայացուցիչը:

Նոր թիմի դեմ խաղն արդեն սկսված է, եւ դրա պատճառը նոր թիմն է, ուրիշ ոչ ոք: Եվ գնալով այդ խաղի համար հրամցվում են նորանոր փաստարկներ: Այդ խաղից խուսափելու երկու ձեւ կա՝ մեկը ժամանակավոր՝ նախկին վարչակարգի ճանապարհը, մյուսը՝ համակարգային բարեփոխումները:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am