Սեւ եւ սպիտակ ուժերի գաղափարն ընդունելի չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր։

«Սեւ եւ սպիտակ ուժերի գաղափարը, սպիտակ եւ կարմիր ուժերի գաղափարն ընդունելի չէ։ Այս տեսանկյունից չի կարելի ուղղակի շփոթել 1917 թվականի ռուսական հեղափոխությունը եւ 2018 թվականի հայաստանյան հեղափոխությունը։ Այս տարանջատումը ընդունելի չէ»,–նշեց նա։


Մհեր Շահգելդյանի համոզմամբ՝ «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը, Հայաստանին բերեց եթե ոչ կործանման, ապա՝ լրջագույն խնդիրների. «Հարգանքով վերաբերելով բոլորին՝ այս մոտեցումների հետ համաձայնել չի կարելի, քանի որ հենց «Մեր դեմ խաղ չկա», «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» այս մոտեցումներն են, որոնք ժողովրդավարությանը չեն համապատասխանում, իսկ մեր նպատակն է իրական ժողովրդավարություն, իրական բազմակարծություն ապահովելը»,–նշեց նա։