Hraparak.am-ը գրում է.

Կարդում ես կենսագրությունը ու չես պատկերացնում․․․ Ինչու՞ նման մարդը վերջ պիտի տար իր կյանքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Պարզվել է, որ այդ մարդը 38- ամյա Նաիրի Մովսիսյանն է, որը կախվել է։ Նա Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն էր։ Խնամքին ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ: Ֆեյսբուքյան էջի «քովեր ֆոտոյում» իր գեղեցիկ բալիկներն են։

Նաիրի Մովսիսյանը ծնվել է 1980 թ-ին Մարտունու տարածաշրջանում: 1986-1996 թթ-ին սովորել և արծաթե մեդալով ավարտել է Մարտունու N3 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը: 2002 թ-ից աշխատում է Մարտունու N2 հիմնական դպրոցում` որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ: 2002-2005 թվականներին համատեղության կարգով աշխատել է նաև Մարտունու պետական քոլեջում` որպես հասարակագիտության առարկայի դասախոս: 2013 թ-ին արժանացել է «Հայոց պատմություն» առարկայից «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 3-րդ մրցանակին: 2015-ի մայիսին նրան շնորհվել է ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ: 2017 -ի փետրվարից ղեկավարում է Մարտունու N2 հիմնական դպրոցը: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

_Ֆեյսբուքյան անձնական էջում իր մտորումներից քիչ քան կա։ Միայն Մեծերից ասույթներ, որոնք պիտի որ հարազատ լինեին իր հոգուն։ Այդ կերպ է նա կիսվել իր ընկերների հետ։ _

«Աշխարհի ամենալավ զգացումն այն է, երբ դու ինքդ քո հետ խաղաղ ես, խիղճդ մաքուր է, հոգիդ հանգիստ»։

«Ասում են կյանքը խաղ է, մարդիկ դերասաններ․․․ Համաձայն եմ։ Կյանքը, իհարկե, խաղ է, բայց պետք է ազնիվ խաղալ»։

«Տխուր մարդիկ իրականում չկան, կան մարդիկ, ովքեր ավելին են զգում»

Շատ քիչ տեղ է հատկացված իր մտորումներին, որոնք արտահայտել է ասույթների տեսքով։

«Կյանքի դրվածքն է այդպես․ երբ պետք ես հիշում են, իսկ երբ պետք չես, չեն էլ բարևում»։

«Սխալվել եմ, երբ որոշ մարդկանց անվանել եմ «հարազատ»։

«Ոչ ոքի պետք չեն բառերդ, երբ էժան են քայլերդ»։

Իսկ մտերիմների արձագանքը․․․

Կարդացի ու փշաքաղվեցի, կարդացի ու չհավատացի, կարդացի ու.....Իմ մանկության ընկեր ու հարազատ մարդկանց սիրելի որդի, բոլորին հասնող ու միշտ լավը կամեցող Սաթենիկ տյոտյայիս եղբորորդին, իմ լավ ընկերների ու հարազատ մարդկանց, հարազատ եղբայրը` Նաիրի Մովսիսյանը, անժամանակ հեռացել է կյանքից: Բառերս կուլ են գնում...

Չեն էլ ուզում գրել, որ իրեն․․․ Չեն ուզում, որովհետև ոչ մեկը չի պատկերացնում։

ՀԳ Հետաքրքիրն այն է, որ 38-ամյա դպրոցի տնօրենը, ով շատ ակտիվ գրառումներ էր անում՝ դպրոցից, Մեծերից, փոքրիկ բալիկների նկարներն էր գցում, ապրիլի 20-ից հետո ոչ մի գրառում չի արել․․․ Ինչու՞․․․

Հասմիկ Բաբաջանյան

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am