Մեր երկրում չեն կարող լինել սեւ կամ սպիտակ, մեր երկրում չեն կարող լինել իմ կամ քո, մեր երկրում չի կարելի հասարակությունը բաժանել բարիկադների, եւ, ի վերջո, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն ժողովուրդը, եւ նա խոսում է միայն մեկ ձեւով`ընտրության ձեւով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, ով հայտարարել էր, թե կան սպիտակներ, եւ սեւեր, հետո հենց ինքն էլ ընդունել էր, որ վրիպակ եւ սխալ ձեւակերպում է եղել: «Մեր դեմ խաղ չկա» եւ նման արտահայտություններ լսել ենք 90-ական թվականներից, եւ դրանք են, որ երկիրը տարել են փակուղի: Բայց եկեք լինենք մի քիչ ներողամիտ, թեկնածուն անփորձ է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: