Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին ՀՀԿ-ի «քաղցր զույգը»՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը կրկին հանդես են եկել տանդեմով ու ազդարարել, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանում են:

Շարմազանովն օպերատիվ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հումորին, ի պատասխան Լավրովի հայտարարության: Լավրովն ասել էր, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր այսպես՝ «Դե շոգ էր էսօր բավական, իսկապես»:

Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ «ժամանակն է, որ վարչապետը լրջանա, ոչ թե հումորային հայտարարություններ անի, որ լայքեր հավաքեն:

Պարոն Փաշինյան, սա КВН չէ, սա հայ-ռուսական լուրջ հարաբերություններ են ու ես չեմ կարծում, որ դաշնակից երկրին պետք է հումորային ոճով պատասխանել»։

Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Իր հերթին, Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այս պահին գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը։ «Կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդն արդեն լավ քշվող մեքենայով է։ Կուրսը հայտարարվել է նույնը, բայց պահել այդ կուրսը չի կարողանում։ Մեկ Մոսկվա են գնում ու ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնում, մեկ գնում են Բրյուսել ու այնտեղ էլ խնդիրներ լուծել չեն կարողանում», ասել է Աշոտյանն ու ավելացրել, թե Նիկոլ Փաշինյանը նստել է մի մեքենա, որը քշել չգիտի։

Այն, որ խնդիրներ կան արտաքին հարաբերություններում, կասկած չկա: Ընդ որում, այդ խնդիրներն առաջացան դեռեւս այն ժամանակ, երբ Նիկոլը դեռ չէր քշում Աշոտյանի ասած մեքենան: Հայաստանում իրավիճակ էր փոխվում, ընդ որում՝ գրեթե 30-ամյա հաստատված կարգն ու ավանդույթն իր ներքին ու արտաքին դրսեւորումներով, եւ դա չէր կարող հարցեր ու անգամ մտահոգություն չառաջացնել արտաքին գործընկերների մոտ:

Բացի այդ, Հայաստանում տեղի էր ունեցել իսկապես աննախադեպ մի բան, որի արժեքն ու մարտահրավերները հասկացել են արտաքին գործընկերները: Հայաստանում հաղթել էր ժողովուրդը առանց արտաքին միջամտության, իսկ սա կարող է դառնալ նախադեպ իր քաղաքակրթական հեռանկարի ու խորքային իմաստների առումով:

Վերադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Այն լիովին հարմարեցված էր Հայաստանում իշխող քրեականացված վարչակարգի կարիքներին եւ հանգում էր պարզ բանաձեւի՝ վարչակարգի արտաքին լեգիտիմության, այդ թվում ընտրությունների արդյունքների ճանաչում ծառայությունների դիմաց: Այս բանաձեւի բազմաթիվ ապացույցներն են թե Արցախի կարգավորման դիվանագիտության, թե միջազգային կառույցներում պաշտոնական Երեւանի պահվածքը, թե միջազգային տնտեսական գործարքները ասպարեզներում:

Ավելի հակիրճ ասած՝ Հայաստանի քրեականացված վարչակարգը պետական-հանրային շահերն ու կարիքները «հանձնում» էր իր անվտանգության ու տնտեսական բարգավաճման դիմաց: Սա էր Հայաստանի արտաքին քաղաքականության էությունը: Պատահական չէ, որ այդ վարչակարգի ներկայացուցիչները չեն խոսում այն մասին, թե ինչու են ռուսներն անկաշկանդ գնահատականներ տալիս Հայաստանին, առանց դիվանագիտական պատշաճությունը պահելու: Սովո՞ր են:

Ներկայում արտաքին գործընկերների վերաբերմունքը, որը բնութագրվում է որպես հարաբերությունների վատթարացում, կապված է իրավիճակի այս փոփոխության հետ, որը որոշակի անհարմարություններ է ստեղծում: Ընդ որում, երբեմն բավական անհամարժեք ու կոշտ արձագանքները, որոնք զարմանալի են թվում, կապված են այն հեռանկարի հետ, որ Հայաստանում կարող են հանկարծ լիովին գիտակցել տեղի ունեցածի արժեքը:

Այս համատեքստում հատկապես ընդգծվում է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը, եւ դա բնական է, քանի որ Հայաստանը վեր էր ածվել ռուսական կցորդի: Հանուն արդարության պետք է ասել, որ նախկին վարչակարգը դիմադրության որոշակի փորձեր անում էր, սակայն դրանք ի վերջո հանգում էին նեղ խմբակային խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ իշխանության պահպանմանը:

Հիմա ՀՀԿ-ն, Քոչարյանը եւ տարբեր մաստերի ագենտուրան անասելի աղմուկ ու ահազանգ են բարձրացրել հայ-ռուսական ուղղությամբ: Բայց նրանց մտահոգության մոտիվացիան ու նպատակը չափից ավելի պարզ է ու հասկանալի:

Իսկ նոր կառավարության թերացումներն ակնհայտ են: Ընդ որում, իրական խնդիրը երկրի զարգացման, բարեփոխումների ռազմավարության ու ծրագրերի բացակայությունն է: Մնացյալ խնդիրներն ածանցվում են սրանից:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am