ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունը ըստ էության պարզորոշ վկայում է, որ իրավիճակը անկասկած սովորական չէ և հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս գտնվում է առանձնահատուկ մի փուլում, որտեղ Մոսկվան ուղղակի բաց տեքստով է խոսում լուրջ և անկեղծ խոսակցության իր ակնկալիքների մասին: Այստեղ հնարավոր է իհարկե հարաբերական մեկնաբանություն, որովհետև մի կողմից սա նշանակում է իսկապես առկա որոշակի խնդիրների արձանագրում, մյուս կողմից սակայն սա նաև նշանակում է արձանագրում այն իրողության, որ հայ-ռուսական հարաբերությունն այլևս մենախոսություն չի հիշեցնում և Ռուսաստանի իշխանությունն այդ իմաստով խոսում է իրապես քննարկումների մասին:

Բանն այն է, որ մինչ այժմ հայ-ռուսական հարաբերությունն ըստ էության կառուցվել է ոչ այնքան հարցերի բացակայության, այլ հարցերի վերաբերյալ լռության վրա: Իսկ այդ լռությունն էլ իր հերթին պայմանավորվել է նրանով, որ հայկական կողմը գերադասել է ոչ մի խնդիր չառաջացնել, թեկուզ եղած խնդիրների չլուծվածության գնով, միայն թե չլինեն այսպես ասած փոխադաևձ անկեղծության ու լրջության մասին խոսակցություններ: Հայաստանի նոր իշխանությունը հենց սկզբից հայտարարել է այդպիսի գործելաոճից հրաժարվելու մտադրության մասին, ինչն էլ բերել է ոչ թե հայ-ռուսական նոր խնդիրների, այլ ընդամենը ստեղծել է վիճակ, երբ կողմերը դադարել են խնդիրների մասին չխոսելուց: Եվ սա ըստ էության արդեն իսկ առաջընթաց է, ինչքան էլ տարօրինակ չի հնչի այդ հանգամանքը:

Առաջընթաց է այն պարզ պատճառով, որ խնդիրները լռության մատնելը չի կարող բխել որևէ մեկի շահից, քանի որ դրանք այդ պարագայում ունեն ավելի խորանալու, ոչ թե ինքստինքյան լուծում ստանալու հատկություն: Իսկ խնդիրները չբարձրաձայնված լուծելու մարտավարությունն էլ ինքնին ինքնախաբեություն է, այն պարզ պատճառով, որ չկա դրա երկուստեք ճանաչում: Այսինքն, եթե հարցերը բարձրաձայնված չեն, ուրեմն դրանք ճանաչված չեն երկկողմանիորեն, այլապես ինչո՞ւ չբարձրաձայնել, ինչն է խանգարելու դրան: Հետևաբար, խոսքը ոչ թե լուռ լուծելու, այլ ծածկադմփոցի մասին է:

Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունը սկսում է մաքրվել ծածկադմփոցից և Ուշակովի հայտարարությունը, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հենց դրա վկայությունն է: Այո, թվոմ է, որ Կրեմլից հնչում է խիստ տոն, որ սպասում են լուրջ ու անկեղծ խոսակցության: Իհարկե սա արդեն երկրորդ և կարևոր քայլն է, որ պետք է անի Երևանը՝ խնդիրները բարձրևաձայնելուց հետո: Այսինքն, պետք է լինեն նաև դրանց լուծման կոնցեպտուալ պատկերացումներ, որոնք ներկայացվեն Մոսկվային և քննարկվեն: Հակառակ դեպքում իհարկե արդեն կարող ենք խոսել նոր խնդրի և խորքային խնդրի մասին: Այդ տեսանկյունից գործնականում առաջին անգամ շատ կարևոր է դառնում հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը այն առումով, որ այն կարող է դնել հարաբերությունների լիովին նոր համակարգի սկիզբ: