Հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները «դոսյե» են պատրաստել եւ ուղարկել Կրեմլ։ Դրանում ներկայացված է, թե ովքեր են Փաշինյանի կառավարությունում ընդգրկված, ինչ կենսագրություն ունեն եւ նրանցից քանիսն են հակառուսական ձեռնարկներում մասնակցություն ունեցել։

«Փաթեթը կազմվել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, որոնք Քոչարյանի դեմ հարուցված քրգործից հետո համակարգային պայքար են սկսել նոր իշխանությունների դեմ», գրում է Հրապարակ թերթը:

Այդպես է, թե ոչ, դժվար է ասել, բայց դրանում կա տրամաբանություն եւ դրա օգտին կան բազմաթիվ փաստեր: Նախեւառաջ Հայաստանի նախկին իշխող վարչակարգը պարզապես եղել է Ռուսաստանի կցորդը եւ իր բոլոր քայլերը համաձայնեցրել է նրա հետ: Ներկայում Ռոբերտ Քոչարյանի «գլխավորությամբ» այդ վարչակարգի ներկայացուցիչների հռետորաբանության մի զգալի մասն ուղղված է հենց հայ-ռուսական ուղղությամբ՝ մի կողմից նրանք փորձում են ահաբեկել հայ ժողովրդին Ռուսաստանից սպասվող սպառնալիքներով, մյուս կողմից փորձում Մոսկվային ցույց տալ, որ Հայաստանը գնում է «այլ ուղղությամբ», եւ պետք է աջակցել իրենց:

Ընդ որում, այս գործելակերպը նոր չէ եւ միշտ կիրառվել է քաղաքական հակառակորդների դեմ: Իսկ 4 տարի առաջ բանը նույնիսկ հասել էր զավեշտի, երբ երկու մասի բաժանված այս վարչակարգի սեգմենտները միմյանց դեմ մատնագրեր էին ուղարկում Մոսկվա:

Ի վերջո, Մոսկվան նրանց հայտարարեց կլոուններ, այն բանից հետո, երբ այդ խայտառակ գզվռտոցի արդյունքում Հայաստանից կորզեց նոր ու անգին զիջումներ: Այսպես վարչակարգը հանձնեց Հայաստանի ինքնիշխանության զգալի մասը՝ Մոսկվայից բարեհաճություն ստանալու դիմաց:

Այս գործելակերպը ներկայում էլ շարունակվում է, եւ Մոսկվայում թերեւս դեմ չեն լինի օգտագործել ավանդական այս հնարավորությունը: Ճիշտ է, ի վերջո Մոսկվան այս շրջանակներին կրկին հռչակելու է կլոուններ: Հարցն այն է, թե ինչ գնով:

Գին կարող է նաեւ չլինել, եթե նոր իշխանությունը հաստատակամ լինի իր հռչակած սկզբունքներում, այդ թվում՝ Ռուսաստանի մասով, այն է՝ հավասար ու բովանդակային գործընկերություն, որի կարիքն ունի նաեւ Ռուսաստանը:

Իսկ մինչ այդ, թերեւս ժամանակն է, որ Հայաստանի իրավապահները զբաղվեն այս երեւույթով, քանի որ այն ուղղված է Հայաստանի պետականության ու անկախության, Հայաստանի գործընկերների դեմ:

Հիշվում է թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի մի ելույթը, որում նա պրոռուսական ագենտուրան հետխորհրդային երկրներում գնահատեց որպես կեղտ, որն ընդունակ չէ զբաղվել քաղաքականությամբ, ավելին՝ Ռուսաստանին ներքաշում է կեղտի մեջ: Նա նաեւ հռետորական հարց էր տվել՝ ինչո՞ւ է Ռուսաստանը համագործակցում հենց նմանների հետ:

 Նյութի աղբյուրը՝  Lragir.am