«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը: Մինասյանի շահերի պաշտպան Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատել տեղեկությունը՝ նշելով, որ Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանում որևէ փաստական հիմք կամ օրինական հիմնավորում չկա. անգամ պատշաճ ծանուցում չի արվել, տնօրենը մամուլից է տեղեկացել իրեն աշխատանքից ազատելու՝ նախարարի որոշման մասին: Փաստաբանն ասել, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ, միայն հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին: Հիշեցնենք, որ սա Մինասյանի միակ դատական հայցը չէ ընդդեմ առողջապահության նախարարի: Ավելի վաղ նա մեկ այլ դատական հայց էր ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Այս գործի առնչությամբ էլ փաստաբանն ասաց, որ Մինասյանը նյութական պահանջ չի ներկայացրել, դատական նիստի օրը դեռևս չի նշանակվել: Հիշեցնենք, որ նախարարը հուլիսի 27-ի ֆեյսբուքյան «լայվում» խոսել էր «կազմակերպված հանցավորության», «բանդայի պարագլխի», «վիշապին գլխատելու» մասին՝ խախտելով անմեղության կանխավարկածն ու զրպարտելով հիվանդանոցի անձնակազմին ու տնօրենին»։