Մամուլում շարունակվում են տեղեկությունները ոստիկանությունում եղած խնդիրների մասին, բարդ իրավիճակի մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խնդրահարույց աշխատանքի մասին:

Վալերի Օսիպյանի եւ ոստիկանությունում առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվական ալիքը թերեւս առավել կուժգնանա, որքան մոտենա համապետական ընտրության փուլը, խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Արդեն իսկ կա խնդիր Երեւանի ընտրության մասով:

Բանն այն է, որ ոստիկանությունն այստեղ ունի առանձնահատուկ դեր: Վալերի Օսիպյանը մի քանի անգամ հայտարարել է, թե սպասում են ընտրության, որպեսզի քաղաքացիներին ցույց տան, թե ինչ բարձր օրինականություն են ապահովելու այդ գործընթացում:

Ոստիկանության դերն այդ հարցում լինելու է իհարկե ահռելի, թե թաղային հեղինակությունների դերակատարությունը, թե ընտրակաշառքի կիրառումը չեզոքացնելու հարցում: Այդ համատեքստում ամենեւին զարմանալի չէ Վալերի Օսիպյանի դեմ տեղեկատվական գրոհի հանգամանքը, որի նպատակն անշուշտ մի կողմից հոգեբանական ճնշումն է, մյուս կողմից էլ ոստիկանության ներքին տրամադրությունների վրա ազդեցությունը:

Ի՞նչ ունեն հակադրելու այդ ամենին Վալերի Օսիպյանն ու իշխանությունը, աշխատանքի բարձր կազմակերպվածություն եւ գործընթացի օրինականություն ապահովելու տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, ոստիկանության խնդիրը Հայաստանում ավելի լայն է, ընդ որում արդեն տարիներ շարունակ: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ հենց ոստիկանությունն ու մասնավորապես ոստիկանապետն էին դարձել ոչիշխանական ընդդիմության թիրախը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Այլ կերծ ասած, այն, ինչի միջով ներկայում փորձում է անցնել Վալերի Օսիպյանը, 2012-15 թվականներին անցնում էր Վովա Գասպարյանը, որը Սերժ Սարգսյանի փաստացի «քաղաքական հենարանն» էր ԱԱԾ հետ միասին: Հայաստանում քաղաքական համակարգի անդառնալի աղճատվածությունն ու խեղումը որեւէ իշխնության համար գործնականում չի թողնում այլ ամուր եւ հուսալի հենարանի հնարավորություն:

Ներկայում Վովա Գասպարյանն «անցնում է» իր շքեղ առանձնատան գործով հարուցված քրեական գործով, իսկ Վալերի Օսիպյանն էլ նախօրեին հայտարարել էր, թե հնարավոր չէ ոստիկանապետի աշխատավարձով գնել այդպիսի առանձնատուն, իսկ թե ինչպես է գնվել, պետք է հարցնել սեփականատիրոջը:

Վալերի Օսիպյանն այդպիսով ակնարկել էր, որ Գասպարյանը ունի պարզաբանում տալու անհրաժեշտություն: Բայց ոստիկանապետին թերեւս հետաքրքրում է ոչ թե առանձնատան վերաբերյալ պարզաբանումը, այլ իր դեմ ծավալված արշավը: Օսիպյանը մինչեւ հեղափոխությունը Վովա Գասպարյանի «սեւագործ» աշխատանքի կրողն էր ամենաբարդ ճակատում:

Ի վերջո, Վալերի Օսիպյանն էր նաեւ, որ հանրային, զանգվածային բողոքի ամենատարբեր միջոցառումներում փրկում էր Վովա Գասպարյանի «ռեֆորմատորական» իմիջը: Իհարկե, դափնիները բաժին էին հասնում Գասպարյանին, իսկ փշերը՝ Օսիպյանին: Ներկայում էլ Օսիպյանին պահում են փշերի վրա:

Ըստ ամենայնի, Վալերի Օսիպյանը ներկայում Վովա Գասպարյանին ակնարկում է, որ կարող է գալ այդ առումով հաշիվ ներկայացնելու ժամանակը, կամ պետք է վերադարձնել պարտքը: Ինչ տեսքով է ակնկալում կամ պատկերացնում դա Վալերի Օսիպյանը, ոստիկանությունում ներքին կարգով իրավիճակի կայունությունն ապահովելու գործում աջակցելու կամ առնվազն չխանգարելու՞ տեսքով: Թե նա ուղղակի պարզաբանում է ակնկալում նախկին ղեկավարից ներկայում իրակամացվող տեղեկատվական գրոհի առնչությամբ:

Ինչ կանի ոստիկանապետը, մերժվելու դեպքում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am