Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումն իր տարածքում, հայտարարել է Հայաստանի ոստիկանությունը: Միքայել Հարությունյանի հանդեպ Հայաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել Մարտի 1-ի գործի հայտնի դրվագով, կապված 0038 հրամանի հետ:

Ստացվում է, որ Ռուսաստանը Հարությունյանին վերցնում է իր պաշտպանության տակ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել նրա ՌԴ քաղաքացի լինելու մասին, ինչը սակայն կարծես թե չի հաստատվել: Դա իհարկե կարեւոր իրավա-քաղաքական հանգամանք է, սակայն խոշոր հաշվով իրավիճակը այլ երանգ է ստանում քաղաքական ընդհանուր համատեքստում:

Ստացվում է, որ Ռուսաստանն իր պաշտպանության տակ է վերցնում անձի, որ մեղադրվում է Մարտի 1-ի համար: Դա նշանակում է, որ Ռուսաստանն այդ մեղադրանքը տարածում է նաեւ իր վրա: Ինչի՞ համար: Մոսկվայի ինչի՞ն է պետք անել քայլեր, որոնք Հայաստանում կարող են բերել հանրային մեծ դժգոհության: Թե՞ այդ քայլը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերության խորքային վերափոխման գործում շոկային թերապիայի մեխանիզմի հնարավորության շրջանակում, երբ ինչ որ խնդրի բավական բարդ լուծումը մոտեցնելու եւ համեմատաբար դյուրացնելու համար առաջանում է այդ խնդիրը իր դրսեւորումով սրելու անհրաժեշտություն:

Արդյոք պետք է սրվի հայ-ռուսական հարաբերության նախկին բնույթը, իր մետաստազներով, որպեսզի այդ հարաբերության վերափոխման դիրքերից հանդես եկող շերտերը ստանան հնի չեզոքացման ավելի լայն հնարավորություն:

Առավել եւս, որ աներկբա է Հայաստանի հարցում ռուսական իշխանական ռազմա-քաղաքական շրջանակներում առկա պատկերացումների եւ մոտեցումների լրջագույն բախման հարցը: Դա առավել քան ակնառու էր դեռեւս շաբաթներ առաջ արտգործնախարար Լավրովի եւ պաշտպանության փոխնախարար Ֆոմինի հայտարարություններից: Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի նոր իշխանությունը հավատարիմ չէ նախկին իշխանությանը չհետապնդելու հավաստիացումներին, իսկ Ֆոմինը մեկ-երկու օր անց Երեւանում հայտարարում էր, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում, եւ չկա ավելորդ մեկնաբանության կարիք:

Մյուս կողմից, ամենեւին զարմանալի չեն ՌԴ իշխանության կառուցվածքում այդ տարամետ դրսեւորումները, եւ խնդիրն այս դեպքում այն է, թե ի վերջո դրանցից որն է առավել արագ կամ առավել հիմնավոր հասնում ՌԴ նախագահ Պուտինին, որտեղ էլ կայացվում են քաղաքական խորքային որոշումները:

Եվ այդ իմաստով իհարկե Փաշինյանի հետ Պուտինի հանդիպումից առաջ Միքայել Հարությունյանի եւ Մարտի 1-ի մասով ՌԴ իրավապահների որոշումը ստանում է բավական հարաբերական երանգ, այն իմաստով, թե դա գործնականում ավելի շուտ ում ձեռքին է խաղաքարտ՝ Պուտինի, թե Փաշինյանի: Իսկ գուցե նաեւ երկուսի, հենց շոկային թերապիայի տրամաբանության շրջանակում:

Այդ իմաստով ՌԴ նախագահը հայտնվել է երկիմաստ վիճակում: Մի կողմից նա անցնող առնվազն երկու տարիների ընթացքում կանգնել է հայ-ռուսական հարաբերության վրա Հայաստանի նախկին համակարգի «մակաբուծության» հետեւանքով առաջացած բարդ խնդիրների ու մարտահրավերների առաջ, մյուս կողմից անշուշտ բավական բարդ է անջատել Ռուսաստանի հայաստանյան ներկայացվածությունն ու ներգրավվածությունը այդ համակարգից, որի հետ շաղկապվել է տնտեսա-քաղաքական եւ ըստ այդմ նաեւ «բարոյահոգեբանական» բազմաթիվ թելերով:

Այստեղ է, որ ավելի ու ավելի քիչ է այլընտրանք մնում «շոկային թերապիային», որովհետեւ Ռուսաստանի համար կարող է առաջանալ ժամանակի լուրջ սղություն: Այդ իմաստով կարեւոր դրվագ կարող է լինել սեպտեմբերի 7-ին Թեհրանում Սիրիայի, մասնավորապես Իդլիբի հարցում ռուս-թուրք-իրանական եռակողմ Վեհաժողովը, որի ընթացքում ՌԴ նախագահը թերեւս կկողմնորոշվի, թե մերձավորարեւելյան զարգացումների համատեքստում ինքը որքան ժամանակ ունի Կովկասում խաղային վերակազմակերպման համար: Իսկ այդ վերակազմակերպումը անհնար է առանց հայ-ռուսական հարաբերության վերափոխման:

Ընդ որում, Մոսկվան դրան նկատելիորեն գնում է ապրիլյան քառօրյայից հետո, որը նախնական պատկերացումներին հակառակ զարգացած սցենարի առումով ինքնին «շոկ» էր Ռուսաստանի համար: Երեւանն էլ նախկին իշխանության պարագայում փորձում էր հնարավորինս փոխել հարաբերությունը, գիտակցելով նոր իրողություններում նախկին վիճակի հնարավոր ծանր հետեւանքը: Հայաստանում նոր իրավիճակը խնդրին նոր արագություն հաղորդելու հնարավորություն է, բարդ, բազմաշերտ մարտահրավերներով ու խնդիրներով, բայց երկուստեք հնարավորություն: Խնդիրն այն է, թե ինչքան ժամանակ կա:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am