Եթե Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի հետ, ապա թող նրան հրապարակում գնդակահարեն, և ինքն էլ նույնն է մտածում, սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով իր խնամի Հովիկ Աբրահամյանի առնչության մասին հարցին: Իհարկե, նոր Հայաստանում հարցերը գնդակահարությամբ չէ, որ պետք է լուծվեն, սակայն տվյալ պարագայում նաև հասկանալի է, որ գնդակահարության թեման, այսպես ասած, «երդման» համատեքստի է նման՝ ցույց տալու համար, որ չկա ոչ մի կապ:

Այս տեսանկյունից ստացվում է շատ հետաքրքիր մի իրավիճակ: Տասը տարի առաջ Երևանի կենտրոնում գնդակահարվել է տասը մարդ՝ տեղի ունեցած ուժային գործողության հետևանքով, սակայն այժմ պարզվում է, որ Հայաստանի իշխանությունում չի եղել մարդ, որը պատասխանատու էր այդ ամենի համար: Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև Հովիկ Աբրահամյան հայտարարում են, որ կապ չունեն:

Ստացվում է, որ Հայաստանում չի եղել իշխանություն, և տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք բերել են Հայաստանի քաղաքացիների սպանության և կարող էին ուղղակի աղետի ենթարկել պետությունը: Մինչդեռ այդ ընթացքում եղել են պաշտոնյաներ, որոնք պետք է երաշխավորեին Հայաստանի անվտանգությունը: Հետևաբար՝ նրանք մատնվել են հանցավոր անգործության, եթե Երևանի կենտրոնում ինչ-որ աներևույթ մի ուժ տասը մարդ է սպանել, իսկ այդ ժամանակ նախագահի, փոխվարչապետի, ուժային կառույցների ղեկավարները տեղյակ չեն այդ ամենից և կապ չունեն ոչնչի հետ: Բայց նրանք եղել են պաշտոնյա, հետևաբար՝ կա՛մ հանցավոր անգործության են մատնվել, կա՛մ նրանք կապ չունենալով պետության հետ՝ զբաղեցրել են պետության առաջ պարտավորություն ենթադրող պաշտոններ՝ այդպիսով, փաստորեն, մինչ այդ յուրացրած լինելով այդ պաշտոնները:

Մնացել են ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրանք որևէ բանի հետ կապ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Եթե նրանք էլ հայտարարեն, որ կապ չեն ունեցել որևէ հրամանի հետ, ուրեմն նրանց միավորում է մեկ այլ հանցավոր բան՝ հանցավոր անգործությունը, որը դարձել է տասը մարդկանց մահվան պատճառ և ծայրահեղ վտանգի առաջ կանգնեցրել պետությանը:

Հավանաբար, նրանց մեկ խցում հավաքելը կօգնի, որպեսզի այդ մարդիկ, ի վերջո, թարմացնեն հիշողությունն ու պարզեն, թե ի վերջո՝ ո՞վ է կապ ունեցել Մարտի 1-ի հետ և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար: Իհարկե, ողբերգական այս խնդրի հարցում ամենևին տեղին չէ որևէ կատակ, սակայն մյուս կողմից՝ իրավիճակն իսկապես լուրջ է, և հարցն այս դեպքում ամենևին այն չէ, որ ինչ-որ մեկը պետք է պատասխան տա ցանկացած գնով: Խնդիրն այն է, որ Հայաստանում պետք է ցանկացած գնով ձևավորվի պետական պատասխանատվության մեխանիզմը, որպեսզի մեր պետությունն այլևս չվերապրի հոկտեմբերի 27-եր կամ մարտի 1-եր, և ընդհանրապես չհասնի այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի այդօրինակ որևէ բան կամ առաջանա այդ միջոցներով հարց լուծելու որևէ անհրաժեշտություն:

Ի վերջո՝ այդ ամենի հիմքում պետական պատասխանատվության ինստիտուտի տոտալ բացակայությունն է եղել, որն առաջին հայացքից ոչ այնքան ճակատագրական ու անմեղ, լիովին մարսելի թվացող հետևանքներով է, որ իրավիճակը, ի վերջո, բերել է արյունահեղության:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am