«Ճիշտ չի վարչապետի կողմից համեմատություններ անել: Առավել ևս ընկերներին ընկերների հետ համադրել, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես առաջարկել եմ երեք հոգու, երկուսն ընդունել են իմ առաջարկը, Շանթը չի ընդունել: Մի հատ խոսք կա՝ մի արա ուրիշին այն, ինչ չես ուզի, որ քո նկատմամբ անեն»,- այսօր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հրավիրած ասուլիսում ասաց Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ ցավում է՝ Նիկոլ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ, բացասականն այսօր տարածվում է:

«Երբ Նիկոլ Փաշինյանն սկսեց իրա հեղափոխական քայլը, իրա երկու գործող ընկերները, Սերժն էլ ասեց՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն միացել քո հեղափոխությանը: Դաժե ասեց՝ խնդրում եմ, ձեր ընկերոջը կանչեք, գա պառլամենտ: Բայց Նիկոլ Փաշինյանն ինքը դրանից կարող ա ցավ զգար, բայց շարունակեց պայքարել: Ես համոզված եմ, որ ինքը ցավ զգաց, երբ իրա դաշինքային ընկերները, որոնց հետ դուրս են եկել փողոց, ըտենց արեցին: Ուղիղ նույն երևույթն ա հիմա, ոչ թե այլ ընդդիմադիրները չէին միացել հեղափոխությանը, այլ կոնկրետ հղում էին անում իրա երկու գործընկերներին: Ինքը վատ զգաց, որովհետև երբ հեղափոխությունն ավարտվեց, հաղթական ելույթին ինքը մարդկանց արգելեց միկրոֆոնին մոտենալ, էդ իրա երկու ընկերներին: Ես դա դիտեցի որպես ցուցիչ: Ուրեմն, ինքը նեղված ա, ցավ ա ապրել: Երբ որ ինքը դա ապրել ա, ինքը ո՞նց ա իրան թույլ տալիս մեկ ուրիշի նկատմամբ նույնը՝ բանտում գտնվող, նրա երկու ընկերներին հղում անելով: Դա անուղղակի վատ մանիպուլյացիա ա, որը վատ բաների է տանելու երկիրը»,- ասաց Շանթ Հարությունյանը: Նա հավելեց, որ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն ի սկզբանե սրիկայությամբ եկավ իշխանության: «Այսպես ասած՝ միանգամից չի, որ սրիկայանում են: Էս էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որ սա ոչ սազական ա մարդուն, ոչ տղամարդուն, ոչ էլ առավել ևս երկրի ղեկավարին, որ ինչ-որ մեկի հետ հարցեր ունենա, մյուսներին հղում անի»,- նշեց նա:

Նա նշեց, որ ինչքան տեղյակ է, Նիկոլ Փաշինյանը Հայկ Կյուրեղյանի ու Գարեգին Չուգասզյանի հետ էլ է խոսել: «Բայց հղում անելուց արեց իմեննո իմ ընկերներին: Ուրեմն միտում կար: Շատ նուրբ մանիպուլյացիայա էթում»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոլխոզային հոգեբանությամբ հակադրությունների նուրբ տակտիկա է կիրառում: