Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյուն թափելու, ո՛չ թալանի մեջ. մեր թիմը, որը մենք ներկայացնում ենք, նման արատավոր երեւույթների հետ կապ չունի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Այո, բրավո, պետք է բացահայտվի «Մարտի 1»–ը, բոլոր քրեական այլանդակությունները, բոլոր կոռուպցիոն հանցանքները: Մենք կոալիցիա կազմել ենք 2008-ի մարտի 21-ին, ոչ թե մարտի 1-ին, իսկ ես անվտանգության խորհրդի քարտուղար եմ դարձել մայիսի 5-ին»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով. «Մարտի 1-ը ուր, մայիսի 5-ը ուր: Թող բացահայտվի «Մարտի 1»-ը: Մենք եղել ենք «Մարտի 1»–ի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողը, աջակցել ենք, պայքարել ենք, հիմա էլ ողջունում ենք «Մարտի 1-ի» լիակատար բացահայտումը: Մեր դեմ արվել է այլանդակ, հետևողական սև քարոզչություն»,-ասաց նա:


ՕԵԿ առաջնորդը հիշեցրեց, որ 5 տարի առաջ տարաձայնությունների պատճառով դուրս է եկել իշխանությունից. «Բերեք մեկ օրինակ, որ մի մարդ կարող է երկու անգամ հրաժարական տալ կամովին՝ երկրի երկրորդ և չորրորդ պաշտոններից, ես կասեմ՝ բրավո»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ողջունում է, որ ներկա իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, սակայն դրան պետք է գումարել հավակնոտ տնտեսական ծրագրի մշակումն ու իրականացումը: