Վաղը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա բանակցություններ է վարելու Հայաստանի վարչապետի հետ, հանդիպելու է Հայաստանի նախագահի ու ԱԺ նախագահի հետ:

Հայ-վրացական այս բարձր մակարդակի հանդիպմանը թերեւս կքննարկվի երկու երկրների հարաբերություններում առաջացած անսպասելի մի կնճիռ, որը վերաբերվում է ցորենի ներկրմանը:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է իր տարածքով բեռնատարներով ցորենի տեղափոխումը: Պաշտոնական բացատրությունն այն է, որ հայկական բեռնատարները փչացնում են վրացական ճանապարհները: Ցորենը պետք է տեղափոխվի երկաթուղով, որի հետեւանքով այն թանկանալու է:

Հայտնի է դարձել, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքու «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ կնվազեն 52%-ով: Եթե ճիշտ են հաշվարկները, որ ցորենը պետք է թանկանար տոննայի մեջ 50 դոլարով, ապա այս զեղչի կիրառման դեպքում կթանկանա 25 դոլարով:

Խոսքը առաջին անհրաժեշտության ռազմավարական մթերքի մասին է, եւ ոչ թե սովորական ապրանքների: Վրաստանի այս որոշումը առավել եւս կարող է լուրջ հետեւանքներ ունենալ հեռանկարի առումով, նկատի առնելով բուռն զարգացումները ռեգիոնում, Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումները Հայաստանի հարցում:

Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունը մշտապես եղել է նրբանկատ եւ ձգտել է թույլ չտալ որեւէ խնդիր, ինչը կարող է վտանգի տակ դնել մեր փաստացի միակ ելքը դեպի արտաքին աշխարհ: Վրաստանը նույնպես ըմբռնումով է մոտեցել Հայաստանի խնդիրներին, եւ առաջացող փոքր ու մեծ խնդիրները արագ կարգավորվել են, վրացիները չեն չարաշահել Հայաստանի իրավիճակը:

Միեւնույն ժամանակ, ներկայում Վրաստանում զգալի է թուրք-ադրբեջանական տնտեսական ներկայությունը: Այս երկու երկրները Հայաստանի միջազգային մեկուսացման ու շրջափակման իրենց քաղաքականության մեջ Վրաստանը դիտարկում են որպես կարեւորագույն հարթակ: Զուր չէ, որ պարբերաբար տեղեկություններ են տարածվում Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների՝ երկաթուղի, գազատար եւ այլն, հանդեպ Ադրբեջանի հետաքրքրությունների մասին: Եթե նկատի առնենք, որ Հայաստանում ռազմավարական բոլոր հաղորդակցությունները գտնվում են Ռուսաստանի ձեռքին, ինչպես ասում են՝ պատկերն ամբողջանում է, եւ ցորենի տեղափոխման շուրջ այս պատմությունը դուրս է գալիս զուտ տնտեսական խնդրի շրջանակից, հեռանկարի ու նաեւ տարածաշրջանի 100-ամյա ստատուս-քվոյի առումով:

100 տարի առաջ Թուրքիան ու Ռուսաստանը բաժանեցին տարածաշրջանը Հայաստանի հաշվին՝ Թուրքիան ստացավ Հայաստանի տարածքները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն՝ Արարատ լեռով, Ադրբեջանը՝ Նախիջեւանը եւ Ղարաբաղը, ինչի դիմաց Թուրքիան Բաթումը զիջեց Ռուսաստանին, որը փոխանցվեց Վրաստանին: Փաստորեն, Բաթումը փոխանակվեց հայկական տարածքների հետ: Միեւնույն ժամանակ, կար Բաթումի նավահանգստի շրջանը Հայաստանին տրամադրելու խոսակցություն՝ էքստերիտորիալ ճանապարհով: Գուցե ցորենի դեպքում ներկայում սա լուծո՞ւմ լինի, յուրօրինակ «փոխհատուցում»:

100 տարի առաջ Ռուսաստանն ու Թուրքիան խնդիր էին դրել ոչնչացնել հայկական պետությունը: Ներկայում Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են այս քաղաքականությունը, եւ ցորենն ու էներգակիրները կարող են դառնալ առաջնային թիրախ:

Հայաստանի իշխանությունը պետք է լրջորեն քննարկի այս խնդիրը հենց հեռանկարի առումով: Վրաստանը պետք է գնահատի հայկական թիկունքի կենսական նշանակությունն իր համար:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am