Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Մակրոնը ցանկանա՝ նրա հետ կխոսի նաեւ Վիոլիա ջուր ընկերության մասին: Այս ընկերությունը ֆրանսիական է ու կառավարում է ջրային ռեսուրսները, հարուցված է քրեական գործ՝ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի անդամներին Փարիզ տանելու կապակցությամբ: Իրավապահներն այստեղ հանձնաժողովին կաշառելու եւ ջրի գինը բարձրացնելու կասկածներ ունեն:

Տեւական ժամանակ անորոշություն է տիրում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ: Քաղաքացիները փակել են հանքի ճանապարհը, կառավարությունը փորձաքննություն է անցկացնում, եւ ժամանակավորապես դադարեցվել է հանքի աշխատանքը: Փորձաքննությամբ պարզվել են խախտումներ ամերիկյան Լիդիան Արմենիա ընկերության գործողություններում:

Պուտինի հետ հանդիպմանը խոսք գնաց Հայաստանի սահմանից այս կողմ գազի գնագոյացման վերաբերյալ: Պուտինն ասում է, որ Հայաստանը գազ է ստանում աշխարհում ամենացածր գներից մեկով, եւ դա ճիշտ է: Բայց այդ գազը ստանում է ռուսական Գազպրոմ Արմենիան եւ բնակչությանը վաճառում կրկնակի թանկ, այդպես էլ չբացատրելով, թե ինչու:

Նոր կառավարությունը պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որը Հայաստանում նախկին վարչակարգի տնտեսա-քաղաքական հիմքն ու բազան էր: Ընդ որում, համակարգային կոռուպցիան առնչվել է նաեւ արտերկրի ներդրողների հետ աշխատանքին ու հարաբերություններին: Այդ առումով, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող չառնչվել նրանց:

Ուշագրավ է, որ այս դեպքերը վերաբերվում են Հայաստանի արտաքին խոշոր գործընկերներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիա/Եվրոպային, որոնք նաեւ Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ երկրներն են: Ի դեպ, նոր կառավարությունը նոր մոտեցումներ է հռչակել նաեւ կարգավորման գործընթացում:

Այս ամենը որոշակի դիսկոմֆորտ ու անհանգստություն է առաջացրել նրանց մոտ, եւ դա զգալի է նրանց վերաբերմունքում: Միեւնույն ժամանակ, խնդիրը միայն տնտեսական չէ, գործ ունենք ավելի խորքային երեւույթների հետ:

Նիկոլ Փաշինյանը մի «շրջան» արդեն կատարել է երեք առաջնորդների հետ. Թրամփի, Մակրոնի ու Պուտինի հետ տեղի են ունեցել ծանոթության հանդիպումներ: Հիմա սկսել է երկրորդ շրջանը. Պուտինի հետ հանդիպումից հետո նա պատրաստվում է մեկնել Մակրոնի հետ հանդիպման: Պատրաստվում է հանդիպում նաեւ Թրամփի հետ:

Մենամարտից հետո հայտնի վեպի երեք հրացանակիրները հաղթահարեցին տարաձայնությունները չորրորդի հետ, ով անսովոր հանդգնություն ու համառություն էր ցուցաբերում, եւ սկսեցին գործել մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի սկզբունքով: Ինչ կստացվի նոր ժամանակներում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am