Այսօր սկսվել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրությունները նշանակվեցին, երբ ավելի քան մեկ տարի առաջ քաղաքապետի պաշտոնում ընտրված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր իշխանությունների ճնշմամբ հրաժարական տվեց, իսկ նախկին կազմով ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կապիտուլյացիայի ենթարկվեց՝ հրաժարվելով նոր թեկնածու առաջադրել: Երբեմնի իշխող կուսակցությունը նոր ընտրություններին չի մասնակցում:

Երեւանի ավագանիում կընտրվի 65 մարդ: Ընտրությունների արդյունքներով մանդատների 40 տոկոսը ստացած քաղաքական ուժը (այդ թվում շեմը չհաղթահարածների հաշվին), բոնուսի շնորհիվ կտնօրինի տեղերի մեծամասնությունը եւ մայրաքաղաքի նոր քաղաքապետ կնշանակի: Երեւանի քաղաքապետի հավանական թեկնածու են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք:


Մայրաքաղաքային ընտրարշավին մասնակցում են 12 քաղաքական ուժեր, որոնք քվեաթերթիկներում կներկայացվեն այբբենական կարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ցուցակը գլխավորում է «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը), «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինք («Հայ ռադիո» ԲԲԸ տնօրեն Անահիտ Թարխանյանը), «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինք («Ծառեուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը), «Երկիր Ծիրանի» կուսակցություն (նրա ղեկավար Զարուհի Փոստանջյանը), «Ժառանգություն» կուսակցություն (նրա հիմնադիր, անկախ Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը), «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն (նրա ղեկավար Մանուել Գասպարյանը), «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք (կոմիկ Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկո», նրան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը), «Լույս» կուսակցությունների դաշինք (Փաշինյանի կառավարությունում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը), Հայ հեղափոխական դաշնակցություն (Անտառտնտեսության կոմիտեի ղեկավար Միքայել Մանուկյանը), «Հայկ» ազգայնական կուսակցություն (Գեւորգ Հովսեփյանը), Բարեփոխիչների կուսակցություն (Արտակ Ավետյանը) եւ «Օրինաց երկիր» կուսակցություն (Մհեր Շահգելդյանը):

Մայրաքաղաքային ընտրարշավի մասնակիցները սեպտեմբերի 10-ից 21-ը Հանրային հեռուստատեսությունում եւ Հանրային ռադիոյում կստանան անվճար եւ վճարովի եթեր: Հանրային հեռուստատեսությունում նախընտրական նյութերը եթեր կհեռարձակվեն 19.30-ից, Հանրային ռադիոյում՝ 21.15-ից: Սեպտեմբերի 22-ը կլինի լռության օր: Քվեարկությունը կացկացվի սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչեւ 20.00: Ընտրությունների անցկացման համար բացվել են 475 ընտրական տեղամասեր:

Փորձագետների կարծիքով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կդառնան «թավշա հեղափոխության» առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ ներքաղաքական փորձությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ մայրաքաղաքում է բնակվում հանրապետության ընտրողների ավելի քան երրորդ մասը: