Եթե ժողովուրդը ընդունի, մենք էլ կընդունենք, եթե ժողովուրդը չընդունի, ես հո ժողովրդի թշնամին չեմ, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին սատարելու վերաբերյալ հարցին: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը, ով հայաստանյան քաղաքական ասպարեզում հայտնվել է գործնականում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում եւ դարձել երկրորդ խոշոր ուժը, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ դիրքորոշման պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա:

Իսկ Գագիկ Ծառուկյանն ինքը ունի՞ դիրքորոշում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որպես քաղաքականության խոշոր սուբյեկտ: Չէ որ քաղաքական ուժի խնդիրը միայն ժողովրդով կողմնորոշվելը չէ, այլ ժողովրդին, հանրությանը կողմնորոշելը: Այլապես հանրությունը քաղաքական ուժի համար դառնում է ալիբի, պատասխանատվությունից խուսափելու միջոց: Օրինակ ՀՀԿ-ն էլ, երբ իշխանություն էր, ասում էր, թե միայն կաշառք վերցնող պաշտոնյան չէ մեղավոր, մեղավոր է նաեւ հասարակությունը, որը գնում է կաշառատվության կամ կոռուպցիոն գործարքի:

Մյուս կողմից պարզ է, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն «ընտրում» ժողովրդին, որպես կողմնացույց: Բանն այն է, որ Ծառուկյանը նոր իրավիճակում իսկապես չունի քաղաքական կողմնորոշիչներ: Դա էլ իր հերթին հասկանալի է՝ նա քաղաքական մարդ չէ, նա հանգամանքների եւ համակարգի բերումով է հայտնվել քաղաքականության մեջ: Ընդ որում, այնտեղ հայտնվելը Ծառուկյանի համար ինչ որ իմաստով նույնիսկ անխուսափելի էր լինելու, անկախ նրանից, թե ով կգլխավորեր այն համակարգը, որ կար մինչեւ թավշյա հեղափոխություն:

Այդ համակարգի պայմաններում Ծառուկյան քաղաքական գործոնն ուներ կողմնորոշիչներ, առաջին հերթին ոչ լեգիտիմ իշխանությունը, որի հանդեպ էլ նա դիրքավորվում էր եւ մի կողմից տարբեր հարցերում պայմանավորվում այդ իշխանության հետ, մյուս կողմից ներկայանում հանրությանը որպես այդ իշխանության այլընտրանք:

Ներկայում կողմնորոշիչները չկան, եւ այդ իմաստով Ծառուկյանի հղումը ժողովրդին միանգամայն օբյեկտիվ է, ինչի շնորհիվ նա լուծում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հարցադրումների խնդիրը, որ կարող են լինել Ծառուկյանին համատեղ անցյալի առնչությամբ:

Ռոբերտ Քոչարյանը նախկինում բացահայտ հայտնել է իր ոգեւորությունը ԲՀԿ ժողովրդականության կապակցությամբ, հետեւաբար պետք է ենթադրել, որ ներկայում այդքան էլ ոգեւորված չի լինի ԲՀԿ աջակցության բացակայությունից:

Մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանը այդ կապակցությամբ թերեւս պատասխանում է Ռոբերտ Քոչարյանին, որ առնվազն մինչեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն չի կարող աջակցել նրան, քանի դեռ հավակնում է ժողովրդի քվեին: Այդ պայմաններում Քոչարյանին բացահայտ աջակցելը թանկ կնստի Գագիկ Ծառուկյանի վրա:

Այդ իմաստով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը հո ժողովրդի թշնամին չէ, գործնականում ունի թերեւս լիովին այլ իմաստ՝ ես հո իմ թշնամին չեմ, որ այս փուլում աջակցեմ Քոչարյանին, ու այդպիսով զրկվել թե քաղաքային Ավագանում, թե արտահերթ ընտրությանը հանրության քվեի արժանանալու հնարավորությունից: Այդ դեպքում Ծառուկյանը կարող է ոչ միայն չլինել երկրորդ ուժ, այլ լինել գուցե վերջից երկրորդը:

Ըստ այդմ, ԲՀԿ առաջնորդի պահվածքը միանգամայն ռացիոնալ է եւ ավելի հետաքրքիր հարցն այն է, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանն ունեն այսպես ասած «ստվերային» շփում եւ քննարկումներ, դրա արդյունքում դիտարկվող պլան Բ, երբ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո կարող է լինել արդեն այլ ստատուս-քվո, կամ Գագիկ Ծառուկյանն արդեն կուսակցութունը կարող է թողնել Ռոբերտ Քոչարյանին, իհարկե որեւէ կերպ միջնորդավորված: Թե՞ Ծառուկյանի հղումը ժողովրդին փաստացի պատասխան է այդօրինակ քննարկումներ ունենալու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր փորձերին, ինչով Ծառուկյանը երկրորդ նախագահին հորդորում է նախ պարզել հարաբերությունը ժողովրդի հետ, հետո նոր խոսել ինչ որ բանի շուրջ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am